Նյարդային համակարգը կառավարում է ձեր մարմնի գործունեության մեծ մասը:
Այն թույլ է տալիս, որպեսզի դուք քայլեք, խոսեք, կուլ տաք, շնչեք կամ սովորեք, ինչպես նաև վերահսկում է, թե ինչպես է ձեր օրգանիզմը պատասխանում անհետաձգելի իրավիճակներին:
Ձեր նյարդային համակարգը կազմված է հետևյալ երկու հիմնական բաժիններից՝
- կենտրոնական նյարդային համակարգ (ԿՆՀ), որն իր հերթին կազմված է գլխուղեղից և ողնուղեղից
- ծայրամասային (պերիֆերիկ) նյարդային համակարգ (ԾՆՀ), որը կազմված է ԿՆՀ-ն ձեր մարմնի մյուս շրջանների հետ կապող նյարդերից:
Նյարդերը կազմված են նյարդային բջիջներից, որոնց անվանում են «նեյրոններ»: Յուրաքանչյուր նեյրոն ունի բջջամարմին, աքսոն («ոտք») և բազմաթիվ դենդրիտներ (այլ բջիջների հետ կապեր):
Դենդրիտները հավաքում են այլ բջիջներից ստացված տեղեկատվությունը և ուղարկում այն դեպի նեյրոնի մարմին, մինչդեռ աքսոնն նեյրոնի մարմնից տեղեկատվությունը փոխանցում է դեպի մարմնի այլ շրջաններում գտնվող այլ բջիջներ:
Ի՞նչ գործառույթներ է կատարում նյարդային համակարգը
Ձեր գլխուղեղը ողնուղեղի և ԾՆՀ-ի միջոցով «հաղորդագրություններ» է ուղարկում, որպեսզի՝
- կառավարի ձեր ձեռքերի և ոտքերի շարժումները
- կառավարի ձեր օրգանիզմի ինքնաբուխ գործառույթները, օրինակ՝ ձեր սրտի, օրգանների և ներզատական և այլ գեղձերի գործունեությունը:
Նյարդային համակարգը նաև ներգրավված է տեսողության, լսողության, հոտի, համի և հպման զգացողությունների առաջացման և կառավարման մեջ: Հատուկ նյարդային բջիջները տեղեկատվություն են մակածում ձեր աչքերում, ականջներում, քթում, լեզվի և մաշկի վրա, որն էլ ուղարկվում է դեպի գլխուղեղ:
Գլխուղեղը, որը հանդիսանում է նյարդային համակարգի մի մասը և «կենտրոնը», ստեղծում է ձեր մտքերը, զգացումները և հույզերը, ինչպես նաև կառավարում է ձեր մարմնի գործառույթների մեծ մասը, ներառյալ այն, թե ինչ եք խոսում, տեսնում, լսում, զգում և այլն:
