Շիրակ
Շիրակի մարզը գտնվում է ՀՀ հյուսիս-արևմուտքում: Մարզկենտրոնը՝ Գյումրի: Մարզի տարածքում են գտնվում Արփի լիճ-ջրամբարը, Ախուրյանի ջրամբարի հայկական հատվածը, Մանթաշի ջրամբարը: Շիրակի մարզի կենտրոնական և հարավային հատվածում տարածվում է Շիրակի դաշտը, իսկ հյուսիսային շրջանում՝ Աշոցքի սարահարթը: Շիրակի մարզում են տարածվում Փամբակի, Բազումի լեռնաշղթաների, Եղնախաղի, Ջավախքի, Արագածի լեռնազանգվածների մի մասը:

Շիրակի մարզի ռելիեֆը
Մարզը ռելիեֆի առումով կարելի է բաժանել երկու մասի: Հրաբխային, որն ընդգրկում է Ջավախք-Աշոցքի տարածաշրջանը, իր մեջ ընդգրկելով Ջավախքի և Եղնախաղի լեռնավահանները, Չլդրի լեռները և Աշոցքի սարավանդը։ Մյուս մասը կարելի է համարել ծալքաբեկորավոր, որն իր մեջ է ներառում Շիրակի ծալքաբեկորավոր լեռնաշղթան ու Շիրակի դաշտը։
Մարզի տարածքով հոսող խոշոր գետը Ախուրյանն է, որի միայն վերին հոսքի շրջանն է անցնում բուն տարածքով, միջին հոսքի շրջանում այն սահմանային է։ Մարզի տարածքում են գտնվում Ախուրյանի համակարգին պատկանող Ցողամարգ, Իլլի, Կարկաչուն գետակները։ Մարզի միակ լիճը Արփին է:
Շիրակում է գրանցվել ՀՀ բացարձակ նվազագույն ջերմաստիճանը՝ -46˚
Լոռի
ՀՀ Լոռու մարզը տարածքի մեծությամբ ու բնակչության թվաքանակով երրորդն է հանրապետությունում (զբաղեցնում է ՀՀ տարածքի 12.7 %-ը): Գտնվում է հանրապետության հյուսիսում, սահմանակից է Վրաստանի Հանրապետությանը (110 կմ երկարությամբ), արեւմուտքից Շիրակի, արեւելքից Տավուշի, հարավից Կոտայքի եւ Արագածոտնի մարզերին: Սահմանամերձ բնակավայրերն են Արծնի, Ապավեն, Ձորամուտ, Պաղաղբյուր, Ջիլիզա:
Մարզի տարածքով են անցնում Թբիլիսի-Երեւան երկաթուղու մի հատվածը:
ՀՀ Լոռու մարզն ընդգրկում է Սպիտակի, Ստեփանավանի, Տաշիրի, Թումանյանի, Գուգարքի տարածաշրջանները, Վանաձոր, Սպիտակ, Ստեփանավան, Ալավերդի, Տաշիր, Ախթալա, Թումանյան, Շամլուղ քաղաքները:

Աշխարհագրական ակնարկ և կլիմա
Լոռու մարզում ծովի մակերեւույթից բարձրագույն կետը Աչքասար լեռան գագաթն է (3196մ), ամենացածրը՝ Դեբեդ գետի ստորին հոսանքի շրջանը (մոտ 380 մ):
Լոռու մարզն ընդգրկում է Դեբեդ գետի ավազանը ամբողջությամբ եւ ունի լեռնային ռելիեֆ: Նրա տարածքում են ձգվում Ջավախքի, Բազումի, Փամբակի, Գուգարաց, Վիրահայոց, Հալաբի լեռնաշղթաները: Առանձնանում են Փամբակի, Լոռվա գոգավորությունները եւ Լոռվա ձորը: Մարզն աչքի է ընկնում համեմատաբար խոնավ կլիմայով: Միջին եւ բարձրադիր գոտում կլիման բարեխառն լեռնային է, տեւական, ցուրտ ձմեռներով: Ամեն տարի հաստատվում է կայուն ձնածածկույթ: Ամառները տաք են, համեմատաբար խոնավ: Տարեկան թափվում են 600-700 մմ մթնոլորտային տեղումներ: Նախալեռնային գոտում կլիման մերձարեւադարձային է, չափավոր շոգ եւ չորային ամառներով, մեղմ ձմեռներով: Ագրոկլիմայական տեսակետից ընկած է ինտենսիվ ոռոգման գոտում:
Մարզի տարածքով է հոսում Դեբեդ գետը` Ձորագետ, Մարցագետ եւ Փամբակ վտակներով: Հարուստ է նաեւ հանքային աղբյուրներով: Մարզի տարածքում տիրապետում են անտառային, լեռնատափաստանային, մերձալպյան մարգագետինները։
Տավուշ
ՀՀ Տավուշի մարզը գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքի հյուսիս-արևելյան հատվածում։ Մարզը հարավում սահմանակից է ՀՀ Գեղարքունիքի և Կոտայքի մարզերին, արևմուտքում՝ ՀՀ Լոռու մարզին, հյուսիսում` Վրաստանին և արևելքում՝ Ադրբեջանին։
Մարզն ունի մոտ 350 կմ միջպետական սահման, որից 300-ը Ադրբեջանի Հանրապետության հետ, 50-ը` Վրաստանի:

Տավուշի բնաշխարհը
Մարզի բնությունը գեղատեսիլ է։ Ընդհանուր մակերեսի 51%-ը զբաղեցնում են խառը անտառները, որոնք աչքի են ընկնում բուսական և կենդանական աշխարհի բազմազանությամբ, բնական ժառանգության անզուգական հուշարձաններով։ Բնության նախաստեղծ վիճակի պահպանության, առավել հարստացման և տեղական պայմաններում նոր տեսակների ստացման նպատակով Աղստևի ավազանում ստեղծվել է Դիլիջանի ազգային պարկը և Իջևանի անտառային այգին` դենդրոպարկը։ Մարզի և հատկապես Աղստևի հովտի բնակլիմայական պայմանները (մեղմ կլիմա, թթվածնով հարուստ լեռնային մաքուր օդ, հանքային բուժիչ ջրեր, անտառներ, դեղաբույսերով հարուստ լեռնաշխարհ) չափազանց նպաստավոր են բնակչության հանգստի կազմակերպման, առողջության վերականգնման և միջազգային տուրիզմի ծավալման համար։
ՀՀ Տավուշի մարզի տարածքը չափազանց հարուստ է պատմամշակութային կառույցներով՝ վանքային համալիրներ, բերդեր, խաչքարեր, կամուրջներ, դամբարաններ, հուշակոթողներ, հուշաղբյուրներ: Հատկանշական են Գոշավանքը, Հաղարծնի ու Մակարավանքի համալիրները, Տավուշի բերդը և այլն։
Արագածոտն
ՀՀ Արագածոտնի մարզը իր աշխարհագրական դիրքով, տնտեսական եւ քաղաքական, պաշտպանական նշանակությամբ, բնակլիմայական պայմաններուվ միշտ էլ կարեւոր դեր է ունեցել հայոց պատմության բոլոր ժամանակներում:
Մարզում պահպանվել են դեռևս նախնադարյան մարդու բնակության, կիկլոպյան ամրոցների հետքեր, պաշպանական ու պաշտամունքային հնադարյան բազմաթիվ կառույցների մնացորդներ:

Մարզի տեղադիրքը և կլիման
Արագածոտնի մարզը իր մեջ նրառում նաև Փամբակի ու Ծաղկունյաց լեռնաշղթաների միջև ընկած տարածքը:
Այնտեղ մարդու կենսագործունեության, հատկապես տնտեսության վարման համար բավարար պայմաններ կան: Եվ պատահական չէ, որ պատմության բոլոր ժամանակներում մարզի տարածքը միշտ իրեն է գրավել ոչ միայն ժողովրդի հոծ բազմություններ, այլեւ եղել է հայոց արքունական եւ ամառանոցային եւ որսորդական տարածք:
Մարզն աչքի է ընկնում բնակլիմայական պայմանների բազմազանությամբ: Ըստ բարձրության տարեկան միջին ջերմաստիճանը և տեղումների քանակը խիստ տարբեր են։ Արագածի գագաթամերձ շրջանում տեղումները տարեկան հասնում են 850-900 մմ, իսկ համեմատաբար ցածրադիր (1000 մ ) բարձրություններում՝ 300 մմ։ Արարատյան դաշտին հարող հատվածներում ամռանը տաք է, իսկ ձմռանը` չափավոր ցուրտ:
Այստեղ լավ պայմաններ կան ջերմասեր մշակաբույսերի` խաղողի, ծիրանի, դեղձի, բանջարանոցային եւ բոստանային մշակաբույսերի մշակության համար: Դրանք մշակվում են Աշտարակի ողջ տարածաշրջանում եւ Թալինի տարածաշրջանի հարավ-արեւմտյան հատվածում: Թալինի տարածաշրջանի հյուսիսային հատվածը, Ապարանի եւ Արագածի տարածաշրջանները հարմար են հացահատիկի, կարտոֆիլի եւ բանջարեղենի մի քանի տեսակների արտադրության համար: Բնական լանդշաֆտային գոտիներից մարզում հանդիպում են կիսաանապատային, չոր լեռնատափաստանային, ալպյան և նիվալ գոտիները։
Մարզի օգտակար հանածոները
Տարածված են հատկապես շինանյութերը՝ տուֆը, բազալտը, կրաքարը, կավահողը, խարամը, պեմզան և պեռլիտը։ Վերջինս կազմում է նախկին Խորհրդային Միության ողջ պաշարի 90%-ը եւ իր որակական հատկություններով համարվում է աշխարհում լավագույններից մեկը: Մարզում են գտնվում նաեւ Ծաղկասար (2219 մ), Իրինդ (2050 մ), Արտենի (2047 մ) հանգած հրաբուխները։ Մարզի ջրային պաշարները գոյանում են Արագած լեռան ձնահալոցքից, տեղումներից եւ բնական աղբյուրներից:
Մարզի խոշոր գետերն են Քասաղը և Գեղաձորը։ Կան շատ հեղեղատարեր: (նշանավոր է Մաստարայի հեղեղատարը)։ Մարզի տարածքով է անցնում Արզնի-Շամիրամ ջրանցքը, գործում է նաև Թալինի ջրանցքը։ Մարզն աչքի է ընկնում ջրամբարների առատությամբ։ Գործում են Ապարանի, Հալավարի, Ծիլքարի, Ներքին Սասնաշենի, Դավթաշենի, Թալինի, Վերին Բազմաբերդի, Կաքավաձորի, Շենիկի, Աշնակի, Սաբունչիի ջրամբարները։
Կոտայք
Կոտայքի մարզ – գտնվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական մասում, ծովի մակերեւույթից 900- 2500 մ բարձրության վրա: Տարածքն ընդգրկում է Հրազդան գետի վերին և միջին ավազանն ու Մարմարիկ գետի ավազանն ամբողջությամբ: Հյուսիսից սահմանափակվում է Գութանասար, իսկ հյուսիս-արեւելքից` Հատիսի լեռնազանգվածներով: Հարավ-արևմուտքում աստիճանաբար ցածրանալով՝ ձուլվում է Արարատյան դաշտին: Կոտայքի սարավանդն ընկած է Հրազդան գետի միջին հոսանքի ձախափնյա մասից մինչև Գեղամա լեռների արևմտյան ստորոտը: Հրազդան գետի ձախակողմյան վտակների մի մասը գետնի տակ ներծծված ջրերի շնորհիվ գարնանը դուրս են ցայտում /շատ լինելու պատճառով դրանց անվանում են «40 աղբյուր»/:

Ոռոգուման համակարգը
Կոտայքի մարզի ոռոգման համակարգում մեծ նշանակություն ունի Ակնա լիճը /3032մ. բարձրություն/, որով ջրարբիացվում են ամառային արոտավայրերը: Հիմնական լեռնագրական միավորներն են Կոտայքի և Եղվարդի բլրաալիքային սարավանդները, Մարմարիկի վտակներով կտրտված Փամբակի լեռնաշղթայի լանջերը, Գեղամա լեռնաշղթայի լեռնաճյուղերն ու լավային հոսքերը:
Տիրապետող են կիսաանապատային, լեռնատափաստանային լանդշաֆտները` համապատասխան բուսական և կենդանական աշխարհներով: Կլիմայական գոտին խառն է, իսկ աշխարհագրական դիրքն, ընդհանուր առմամբ, նպաստավոր : Կոտայքի մարզի տարածքով են անցնում Երևան-Շորժա և Հրազդան-Իջևան երկաթուղիները, իսկ մարզկենտրոնից մինչեւ մայրաքաղաք ընդամենը 45 կմ է: Ազգաբնակչության 97,6 %- ը հայեր են: Ազգային փոքրամասնություններից մարզում բնակվում են` եզդիներ, ասորիներ, ռուսներ, քրդեր:
Գեղարքունիք
ՀՀ Գեղարքունիքի մարզը գտնվում է ՀՀ տարածքի արևելքում: Մարզը սահմանակից է ՀՀ Տավուշի / հյուսիսում/, Կոտայքի և Արարատի /արևմուտքում/ և Վայոց Ձորի մարզերին /հարավում/, ինչպես նաև Ադրբեջանին /արևելքում/: Մարզի ամենաերկար ձգվածությունը հյուսիս-արևմուտքից հարավ-արևելք կազմում է 115 կմ, արևմուտքից արևելք` 85 կմ:
Գեղարքունիքն ամենախոշոր մարզն է ըստ տարածքի և զբաղեցնում է ՀՀ տարածքի 18%-ը: Մարզն իր մեջ ներառում է 5 քաղաք` Գավառ, Ճամբարակ, Մարտունի, Սևան, Վարդենիս և 87 գյուղական բնակավայրեր: Բնակչության խտությունը կազմում է 44.5 մարդ/1ք.կմ: Մարզում բնակվում է 238.000.0 մարդ /01.01.2003թ./, որոնց մեծ մասը` 158.400.0-ը /66.5%/ գյուղական բնակավայրերում: Բնակչության թվաքանակում տղամարդիկ կազմում են 48.2%, կանայք` 51.8%-ը: Գեղարքունիքի մարզի կլիման բնորոշվում է երկարատև և խստաշունչ ձմեռներով, քանի որ գտնվում է ընդհանուր առմամբ ծովի մակերևույթից 2000-3500 մ բարձրության վրա: Մարզի ամենաբարձր կետը` Աժդահակ լեռան գագաթն է 3598մ: Բարձր լեռներ են Սպիտակասարը 3555 մ, Վարդենիսը 3522 մ, Գեղասարը 3446մ: Ամենաերկար գետերն են Արգիճին (51 կմ), Գավառագետը (47 կմ), և Մասրիկը (45 կմ), առկա են նաև խառնարանային լճեր` Աժդահակ և Արմաղան /մինչև 50 մ տրամագծով և 15 մ խորությամբ/:

Սևանա լիճ
Գեղարքունիքի մարզում է գտնվում բարձր լեռնային , եզակի էկոհամակարգով Սևանա լիճը, որի ավազանի ընդհանուր մակերեսը կազմում է շուրջ 5 հազ. քառ. կմ, լճի հայելու մակերեսը` 1.2 հազ. քառ. կմ, ծավալը` 35.8 մլդ.խմ: Այն ոչ միայն մարզի, այլ նաև հանրապետության համար ունի առանձնահատուկ կարևորություն: Սևանա լիճը տարածաշրջանի քաղցրահամ ջրերի ամենամեծ ավազանն է: Լիճն էական ազդեցություն ունի ողջ մարզի ոչ միայն բնապահպանական հավասարակշռության, այլ նաև տնտեսության վրա: Գեղարքունիքի մարզը յուրահատուկ է իր առողջարար կլիմայով, լճափնյա հնագույն հուշարձաններով ու մշակությի օջախներով, բուսական և կենդանական աշխարհի առանձնահատկություններով, բնական միջավայրի գեղեցկությամբ:
Գոգավորության հյուսիսային մասով ձգվում են Արեգունու, հյուսիս-արևելյան մասով Սևանի լեռնաշղթաները, իսկ արևելյան մասով Արևելյան Սևանի լեռնաշղթան, որը օղակ է Սևանի ու Վարդենիսի լեռնաշղթաների միջև: Եթե Արեգունու և Սևանի լեռնաշղթաների Գեղարքունիքի մարզի սահմաններում գտնվող լանջերը զառիթափ են ու կտրտված, ապա Գեղամա և Վարդենիսի լեռնաշղթաների դեպի Սևանա լիճ նայող լանջերը համեմատաբար մեղմաթեք են, որտեղ այդ լեռների բազմաթիվ հրաբխային կոներից դուրս ժայթքած լավան հրաբխային լեռնալանջերից բացի առաջացրել է նաև սարավանդներ, քարակարկառներ: Մարզի հենց այս հատվածներում էլ` Գեղամա և Վարդենիսի լեռնաշղթաների ու Սևանա լճի միջև գտնվող վայրերում զգալի հարթ տարածություններ կան, որոնք շատ հարմար են հողագործության համար: Դրանք հատկապես Մասրիկ, Արգիճի գետերի ու Գավառագետի հովիտներն են: Դրանցից համեմատաբար ընդարձակը Մասրիկի դաշտն է: Այդ հարթ տարածությունները ծովի մակերևույթից ունեն 1900-2200մ բարձրություն:
Կլիմա
Տարեկան արևափայլի միջին տևողությունը հասնում է ավելի քան 2700-2800 ժամ/տարի: Ընդհանուր առմամբ կլիման ամռանը չափավոր է , իսկ ձմռանը` չափավոր ցուրտ: Բնութագրվում է ամենամյա և հաստատուն ձյունածածկույթով: Ամառը տաք է, գերիշխում են քիչ ամպամած եղանակները, մթնոլորտային տեղումները շատ չեն: Սևանա լճի հարավային և արևմտյան առափնյա հարթ տարածությունները բնութագրվում են լեռնատափաստանային բերրի սևահողերով, իսկ համեմատաբար բարձրադիր մասերը` լեռնամարգագետնային հողերով:
Բուսատեսակների մեջ գերակշռում են լեռնատափաստանային , ենթալպյան և ալպյան բուսատեսակները: Վերջիններս հատկապես տարածված են Գեղամա, Վարդենիսի ու մյուս լեռնաշղթաների լեռնալանջային , բարձր լեռնային մասերում, որոնք էլ հանդիսանում են ամառային արոտավայրեր ու խոտհարքներ: Շատ քիչ է անտառային բուսականությունը, կաղնու , գիհու և որոշ այլ ծառատեսակների նոսր, թփուտային պուրակներ կան հյուսիս-արևելյան լեռնալանջերին, իսկ լճի մակարդակի իջեցման հետևանքով առաջացած տարածքներում աճեցվել են արհեստական անտառաշերտեր: Այստեղ զգալի տարածքներ են զբաղեցնում փշարմավի պուրակները:
Կենդանական աշխարհը
Կենդանական աշխարհը հարուստ չէ, լճի մակարդակի իջեցման հետևանքով խիստ կրճատվել է թռչունների ու ձկների տեսակները: Բնական մյուս տեսակի ռեսուրսներից , մարզը հանրահայտ է ոսկու պաշարներով /Սոտքի հանքավայր/: Սոտքի ոսկու հանքավայրի առանձին հանքախորշերում պահպանված նշանով ոսկի արդյունահավել է հազարամյակներ առաջ: Ապացուցված է, որ Լճաշենի դամբարաններից գտնված ոսկյա իրերը /այդ թվում արձանիկը/ պատրաստված են Սոտքի հանքավայրի ոսկուց: Կան քրոմի ու հրակայուն ապարների զգալի պաշարներ Շորժայի հանգույցում, տուֆի ու հրաբխային խարամի պաշարներ` Վարդենիսի տարածաշրջանում, պեռլիտի պաշարներ` Մարտունու տարածաշրջանում, բազալտի պաշարներ կան համարյա ամենուրեք: Հանքային ջրի պաշարներ կան Գավառի և Մարտունու տարածաշրջաններում:
Մարզի տարածքում պահպանվել են բազմաթիվ միջնադարյան ճարտարապետական հուշարձաններ, բայց առանձնապես ուշագրավ են բնական հուշարձանները` խառնարանային լճերը, խարամային կոները, ընդարձակ ՙքարային ծովերը՚: Մեծ հետաքրքրություն են ներկայացնում Սևանա լճից ազատված տարածքներում հայտնաբերված մինչև 5000-ամյա հնության դամբարանները:
Մարզի տարածքում է գտնվում «Սևան Ազգային պարկը» /կազմավորվել է 1978թ.-ին/: Այն զբաղեցնում է Սևանի միջլեռնային գոգավորության հատակը կազմող Սևանա լճի և դրա հատակի ազատված տարածքները: Մակերեսը կազմում է 150.1 հազար հա, որից 24.9 հազ. հա առափնյա ցամաքային տարածքներ են: Այն շրջափակված է Արեգունու, Գեղամա, Վարդենիսի, Փամբակի և Սևանի լեռնաշղթաների լանջերով: Այստեղ պահպանվել են բույսերի 1600 և կենդանիների 330 տարատեսակներ:
Արմավիր
Արմավիրի մարզը հարուստ է պատմական բացառիկ հուշարձաններով:
Եզակի հուշարձան է Մեծամորի բլրի լանջին պեղված հինգհազարամյա հնության (բրոնզեդարյան) մետաղաձուլարանը:
Պատմական մեծ արժեք են ներկայացնում ուրարտական քաղաք Արգիշտիխինիլիի ավերակները: Դրանց հարևանությամբ Արաքս գետի նախկին հունի ձախ ափին գտնվել է հայոց նախկին մայրաքաղաքը` Արմավիրը, որը դարեր շարունակ եղել է տնտեսական և մշակութային խոշոր կենտրոն ու մնացել է այդպիսին մինչև նոր մայրաքաղաքի` Արտաշատի հիմնադրումը: Դրանից քիչ արևմուտք` Արաքսի ու Ախուրյանի միախառնման տեղում նշմարվում են այլ նշանավոր քաղաքի` Երվանդունիների թագավորության վերջին մայրաքաղաքի` Երվանդաշատի փլատակները: Պատմաճարտարապետական մեծագույն արժեք է ներկայացնում նաև Սարդարապատի հուշահամալիրը:
Արմավիրի մարզը բնակչության բացարձակ թվով գրավում է միջին տեղ, բայց առաջինն է բնակչության խտության ցուցանիշով: Բնակչության ավանդական զբաղմունքը գյուղատնտեսությունն է:

Արմավիր քաղաքը
Արմավիրի մարզկենտրոնն է Արմավիրը: Նախկինում Արմավիրը կոչվել է Սարդարապատ, ապա Հոկտեմբերյան: Մարզի աբողջ տարածքի նկատմամբ կենտրոնական դիրք ունի, գտնվում է Երևան-Վաղարշապատ-Արագած-Գյումրի կարևոր ավտոխճուղու վրա: Քաղաքում գործում են երկու տասնյակից ավելի արդյունաբերական ձեռնարկություններ, կրթամշակութային ու առողջապահական` մարզային նշանակության հիմնարկներ:Մարզում, ամբողջ երկրում և համայն հայության կյանքում իր բացառիկ նշանակությամբ առանձնանում է Վաղարշապատ (1945-1995թթ. կոչվել է Էջմիածին) քաղաքը: Բացառիկ է նրա հոգևոր մշակութային նշանակությունը: Այդ առումով Վաղարշապատը ոչ միայն համահայաստանյան, այլև համահայկական կենտրոն է: Շնորհիվ այն բանի, որ այստեղ գտնվում է Սուրբ Էջմիածնի Մայր տաճարը:
Երկրի էկոնոմիկայում Արմավիրի մարզի տեղը և դերը որոշող գլխավոր ճյուղը էլեկտրաէներգետիկան է` հանձին Հայաստանում և ամբողջ տարածաշրջանում միակ ատոմային էլեկտրակայանի: Դա գտնվում է մարզկենտրոնից ոչ հեռու, Մեծամոր քաղաքում, որը կառուցվել է ատոմային էլեկտրակայանին սպասարկելու համար:
Որդան կարմիր
Արմավիրի մարզում տարածված է միջատի մի տեսակ, որից հնում ստանում էին «որդան կարմիր» արժեքավոր ներկը:
Արգիշտիխինիլի քաղաքը, որի շրջակայքում հետագայում կառուցվել է Արմավիր քաղաքը, հիմնադրվել է Արգիշտի առաջինի կողմից մ.թ.ա. 776 թ-ին Էրեբունիի հիմնադրումից 6 տարի անց։ Արգիշտիխինիլի նշանակումէ Արգիշտաշեն։
Գտնվելով արգավանդ Արարատյան դաշտում՝ միջազգային քարավանային առևտրային ուղիների խաչմերուկում՝ ժամանակի ընթացքում Արգիշտիխինիլին դառնում է ուրարտական պետության վարչական, տնտեսական ու կրոնական կարևոր բերդաքաղաքներից մեկը։
Մովսես Խորենացին Արմավիրի հիմնադրումը վերագրում է Հայկ Նահապետի թոռ Արամայիսին, այդ պատճառով էլ քաղաքին երբեմն անվանում են Արամայր։ Ըստ Խորենացու՝ Արամայիսն իր համար գետի ափամերձ բարձունքի վրա տուն է շինում։ Արամայիս անվանը ավելացվել է վիր մասնիկը, որը զենդերեն նշանակում է բարձր։ Ստացվում է Արմավիր՝ Արամայիսի բարձր տուն։
Ուրարտական պետության ժամանակ Արմավիր Քաղաքը իր մեծությամբ ու կարևորությամբ մրցում էր Վան մայրաքաղաքի հետ, իսկ ուրարտական պետության անկումից հետո շարունակելով գոյատևել մ.թ.ա. 4-րդ դարի վերջից մինչև մ.թ. 68թ,՝ դարձել է Արարատյան հայկական թագավորության մայրաքաղաքը, ուր և հաստատվել էին Երվանդունիները։
Բագրատունիների իշխանության օրոք Արմավիրը նորից վերելք է ապրում մինչև Զաքարյանների իշխանության ժամանակահատվածը։
Արմավիր քաղաքը ամբողջությամբ ավերվել է մոնղոլների արշավանքների ժամանակ։
Նախքին մայրաքաղաք Արմավիրի տարածքում ներկայումս փռված են Նոր Արմավիր, Հայկավան, Ջրաշեն, Նոր Արտագերս, Նալբանդյան և Արմավիր գյուղերը, իսկ բլրի գագաթին գտնվող քաղաքի միջնաբերդի ավերակները՝ որպես ուխտատեղի պահպանվում են մինչ օրս։
Արարատ
Արարատի մարզի տարածքը եղել է պատմական Հայաստանի Այրարատ նահանգի Ոստան գավառի մի մասը, այն գավառի, որը միջնադարում հայտնի էր որպես մայրաքաղաքների գավառ: Այստեղ էին գտնվում Արտաշատ և Դվին մայրաքաղաքները: Արարատի մարզը սահմանակից է Թուրքիային և Ադրբեջանի կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետությանը:
Արարատի մարզի տարածքը որոշակիորեն բաժանվում է երկու մասի` հարթավայրային և լեռնային: Արարատյան դաշտի կլիման խիստ չորային է: Առանձնապես հաճելի է արևոտ, անհողմ, տևական աշունը, երբ հասունանում են այգիների ու դաշտերի բարիքները:
Մարզի լեռնային մեծ մասը զբաղեցնում են Գեղամա լեռների լանջերը և Ուրծի ու Երանոսի լեռները: Այստեղ առանձին կղզյակներով պահպանվում է անտառը, որը հիմնել է հայոց Խոսրով Կոտակ թագավորը, IV դարում: Այդտեղ այժմ կազմակերպվել է Խոսրովի արգելոցը:
Հայկական պետության վերելքների ու անկումների հետ մեկտեղ փոխվել են բնակչության թիվը և կազմը: Հայ բնակչությունը կրկին մեծամասնություն է կազմել 1830-ական թվականներից հետո, երբ տասնյակ հազարավոր հայեր Իրանի Սալմաստ և Խոյ գավառներից վերաբնակեցվեցին Արարատի մարզի ներկա տարածքում: Այժմ բնակչությունը միատարր է, բայց կան նաև ռուսներ, քրդեր ու ասորիներ, որոնք փոքր թիվ են կազմում:
Տարածքի հարթավայրային` փոքր մասում են գտնվում գրեթե բոլոր բնակավայրերը: Մարզի լեռնային մասում բնակչությունը գրեթե բացակայում է: Միայն բարձրադիր գոտում, որն օգտագործվում է որպես ամառային արոտավայր, ամռան երեք-չորս ամիսներին հայտնվում է ժամանակավոր բնակչություն:

Մարզկենտրոն Արտաշատը
Այն գտնվում է Երևան-Գորիս-Ստեփանակերտ ավտոխճուղու վրա, հայոց պատմական մայրաքաղաք Արտաշատից 10 կմ հյուսիս-արևմուտք, որից և ստացել է իր անվանումը:
Արտաշատը Հայաստանի Հանրապետության միջին մեծության քաղաքներից է, որն ունի բազմաճյուղ արդյունաբերություն: Վերջին 3-4 տասնամյակների ընթացքում կառուցվել և գործում են գինու, մրգի պահածոների, հախճապակու, խեցեգործական իրերի գործարանները:
Արարատի մյուս քաղաքներն են` Արարատը, Մասիսը և Վեդին: Արարատը առավել հայտնի է որպես ծանր արդյունաբերության կենտրոն. այստեղ են գտնվում ցեմենտի գործարանը և ոսկու կորզման ֆաբրիկան: Մասիսին և Վեդուն բնորոշ են սննդի և թեթև արդյունաբերության ճյուղերը: Մասիսը նաև խոշոր երկաթուղային ապրանքային կայարան է, որն ունի միջմարզային նշանակություն և սպասարկում է Երևան քաղաքին:
Մարզում բնակվող ազգային փոքրամասնություններից են ասորիները, ռուսները, եզդիները, հույները, քրդերը: Ասորիները մեծ թիվ են կազմում Վերին Դվին և Դիմիտրով համայնքներում: Եզդիների թիվը մեծ է Այնթապ, Մարմարաշեն, Մխչյան, Ռանչպար, Նորամարգ գյուղական համայնքներում: Ազգային փոքրամասնությունները միշտ էլ մարզային և համայնքային իշխանությունների ուշադրության կենտրոնում են գտնվում: Նրանք ներգրավված են մարզի քաղաքական, տնտեսական, ինչպես նաև կրթության և մշակութային զարգացման գործընթացներում,իսկ հուզող բոլոր տեսակի խնդիրները ստանում են իրենց հնարավոր լուծումները:
Վայոց Ձոր
Վայոց ձորի մարզը ՀՀ մարզերի շարքում տարածքի մեծությամբ գրավում է միջին տեղ, իսկ բնակչության թվով ամենափոքր մարզն է։ Մարզը զբաղեցնում է 2308 քառ.կմ մակերես, հյուսիսից սահմանակից է Գեղարքունիքի մարզին, հյուսիսարևելքից` Արցախին, հարավարևելքից` Սյունիքին, հարավից` Նախիջևանի Հանրապետությանը (Ադրբեջան), արևմուտքից` Արարատի մարզին։
Վայոց ձորը բնակատեղի է եղել վաղնջական ժամանակներից։ Այս փաստի մասին վկայում են պեղումների ընթացքում հայտանաբերված նախամարդու իրերը, բրոնզե դարին վերաբեող դաշույնները, ճարմանդները, ապարանջանները, մատանիները և այլ իրեր։ Ժայռերին հայտնաբերվել են բազում փորագրություններ, որսորդական տեսարաններով և զանազան կենդանիներով։ Իսկ 2008 թվականին միջազգային հնագիտական արշավախմբի կողմից Վայոց ձորում կատարված նոր հայտնագործությունը ևս մեկ անգամ ապացուցեց, որ Վայոց ձորը եղել է բնակատեղի ավելի քան 5000 տարվա վաղեմությամբ։ Արշավախմբի կողմից Թռչունների քարայրում պեղումների արդյունքում հայտանաբերվել է 5500 տարվա հնության կաշվե կոշիկ` տրեխ։ Այն ամենահին կոշիկի նմուշն է, որ երբևէ գտնվել է ամբողջ աշխարհում և այժմ գտնվում է ՀՀ պատմության թանգարանում։ Քարանաձավում հայտնաբերվել են նաև ճզմած խաղողի մնացորդներ և գինու կարասների մի ամբողջ շարք (գինու արտադրամաս)։ Հնարավոր է, որ դա ամբողջ աշխարհում գինու արտադրության ամենահին ցիկլն է։
Մարզն ունի կտրտված մակերևույթ` լայն, խորը ձորերի և բարձր լեռների երկիր է։ Հարևան մարզերի հետ կապող ճանապարհները անցնում են բարձրադիր, դժվարամատչելի և ոլորապտույտ լեռնանցքներով։ Վայոց ձորը Գեղարքունիքի մարզի հետ կապված է Վարդենյաց լեռնանցքով (2410մ), Արարատյան գոգավորության հետ` Զովաշենի (Թուխմանուկի) լեռնացքով, Սյունիքի հետ` Որոտանի լեռնանցքով։ Մարզի կենտրոնով ձգվում է Երևան-Արտաշատ-Եղեգնաձոր–Վայք-Մեղրի–Իրան միջպետական նշանակության մայրուղին։

Բնական պայմանները
Բարձրությունը ծովի մակարդակից տատանվում է 850 մ-ից (Արենի) մինչև 3522 մ (Վարդենիս լեռ)։ Այս մարզին բնորոշ են լանդլաֆտի բազմազանությունն ու ռելիեֆի գոտիականությունն ու կտրվածությունը, որով էլ պայմանաորված է ֆլորայի և ֆաունայի բազմազանությունը։ Առանձնացվում են 3 ենթաշրջաններ` Արփայի գոգավորություն, Վայքի ծալքաբեկորավոր լեռնաշղթա (ձգվում է հարավում), Վարդենիսի հրաբխային լեռնավահան։ Մարզի արևելյան սահմանը Սյունքի հետ անցնում է Զանգեզուրի լեռնաշղթայի հյուսիսային բարձրադիր գագաթներով։ Վայոց ձորի մարզին բնորոշ են նաև երկրակեղևի սաստիկ ցնցումներ, որի անխոս վկաններն են 735 թ. ավերված Մոզ քաղաքի ավերակները։ Նշենք, որ ըստ պատմական աղբյուրների Մոզ քաղաքը կործանվել է հրաբխի ժայթքումից և երկրաշարժից։
Կլիման աչքի է ընկնում չորությամբ։ Տեղումների քանակը ըստ բարձրության տատանվում է 300-800 մմ, համեմատաբար մեղմ ամառներ լինում են լեռների բարձրադիր հատվածներում։ Բնական հիմնական լանդլաֆտները կիսաանապատներն ու տափաստաններն են։ Տիրապետում են լեռնաշագանակագույն և մարգագետնատափաստանային հողերը։ Մարզի տարածքում հատնաբերվել են պղնձի, տուֆի, մարմարի, կրաքարի, կավի, ավազի, բազալտի, գրանիտի, ֆելզիտի, (Մարտիրոսի ֆելզիտը), կվարցային ավազի և հանքային ջրերի մեծ պաշարներ։ Սակայն մետաղական նշանակության պաշարը դեռ չեն շահագործվել։
Բուսական և կենդանական աշխարհը
Վայոց ձորի մարզի բուսական աշխարհի տեսակային կազմը հարուստ է։ Այստեղ հաշվվում է գրեթե 1650 բուսատեսակ, որոնցից 1500 տեսակը խոտաբույսեր են, որոնց մեջ գերակշռում են դեղաբույսերը։ Մարզն աղքատ է անտառներով (տարածքի 1.6% կամ 3700 հա)։ Սակայն անտառի կազմի մեջ մտնող 150 ծառատեսակները մեծամասամբ արժեքավոր են` հազվագյուտ ու էնդեմիկ տեսակներ են։ Դրանց մեջ կան հատուկ պահպանվող տարածքներ` Հերհերի գիհու նոսրանտառային և Ջերմուկի անտառային արգելավայրերը։ Բնական պայմանների բազմազանությամբ է պայմանավորած նաև հարուստ կենդանական աշխարհի գոյությունը։ ՀՀ–ում գրանցված 460 տեսակի կենդանիներից 225-ը հանդիպում են Վայոց ձորի մարզում։ Դրանցից են բեզոարյան այծը, վայրի ոչխարը` (մուֆլոնը), վայրի խոզը, գորշ արջը, աղվեսը, գայլը, նապաստակը, թռչուններից` լորը, քարակաքավը, անգղերը, արծիվները, ձկնատեսակներից` կարմրախայտը, բեղլուն, կողակը։ Հաճախակի հանդիպում են նաեւ թունավոր օձեր`հայկական իժ, գյուրզա։
Ինչպես բույսերի, այնպես էլ կենդանիների շատ տեսակներ գրանցված են Կարմիր գրքում։ Կենդանիների պահպանման նպատակով ստեղծվել են արգելավայրեր։ Վայոց ձորի մարզում աճում են ծիրանի, բալի, տանձի, դեղձի, խնձորի, խաղողի, սալորի, սերկևիլի, փշատի, ընկույզի բազմաթիվ տեսակներ, բազմաթիվ հատապտուղներ։
Սյունիք
Սյունիքի մարզի տարածքի մեծ մասը կազմում են ժայռերը, լեռնաշղթաները և անդնդախոր ձորերը, որոնց միջով հոսում են լեռնային գետակներ։ Ամենամեծ գետը Որոտանն է։ Սյունիքի միջին բարձրությունը ծովի մակարդակից 2.200 մ է։ Ամենաբարձր լեռնագագաթներն են Կապուտջուղ (3.904), Ծղուկը (3.581), Թրասարը (2594 մ) Մեծ Իշխանասարը (3.550) և այլն։

Սյունիք կամ Սիսական
Ամենաբարձր լեռնագագաթը Կապուտջուղն է /3904/: Հայտնի են նաև Բաղացսար, Խուստուփ, Մեծ Իշխանասար, Արամազդ, Ծղուկ լեռնագագաթները: Լեռնաշխարհի մարգագետինները, ճոխ արոտավայրերը հարմար են անասնապահության, իսկ գետահովիտները՝ երկրագործության զարգացման համար:
Զգալի տարածք են ընդգրկում անտառները, որոնցից են Մթնաձորը, Սոսու բնական եզակի անտառը:
Անտառներն հարուստ են եզակի բուսատեսակներով և կենդանիներով: Հայաստանի բնական հարստություններով աչքի ընկնող երկրամասերից է Սյունիքը: Հնագույն ժամանակներից այստեղ արդյունահանվել են պղինձ և այլ գունավոր մետաղներ:
Երկրամասն ունի ջրառատ գետեր, որոնցից խոշոր են Որոտանն ու Ողջին:
















