1991թ. օգոստոսի 30-ին Ադրբեջանը հայտարարեց իր անկախության մասին։ Մի քանի օր անց՝ սեպտեմբերի 2-ին, Ստեփանակերտում տեղի ունեցավ պատգամավորների մարզային և Շահումյանի շրջանային խորհրդի համատեղ նստաշրջան, որի ժամանակ ընդունվեց «Հռչակագիր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին»։ 1991 թ. դեկտեմբերի 10-ին տեղի ունեցավ հանրաքվե, որը հաստատեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Այդ օրը ԼՂՀ բնակչության 80%-ը մասնակցեց հանրաքվեին, որոնց 99%-ից ավելին քվեարկեց անկախության օգտին։
1991թ. դեկտեմբերին տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավորների ընտրություն։ Ձևավորվեց հանրապետության բարձրագույն օրենսդիր մարմինը՝ Գերագույն խորհուրդը։ 1992թ. հունվարին տեղի ունեցավ հանրապետության Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանը, որն ընդունեց ԼՂՀ-ի անկախության հռչակագիրը։ Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ ընտրվեց Արթուր Մկրտչյանը։ Ստեղծվեց ԼՂՀ նախարարների խորհուրդ, որի վարչապետ նշանակվեց Օլեգ Եսայանը։ Շուտով հանրապետությունն ունեցավ իր պետական դրոշը, զինանշանն ու օրհներգը։ ԼՂՀ դրոշը եռագույն է՝ կարմիր, կապույտ, նարնջագույն, սպիտակ գույնի հնգատամ սանդղանման զարդանախշով։
Ձևավորվեց Լեռնային Ղարաբաղի բանակը, որը հաղթանակով ավարտեց ազատագրական պայքարը։ Աստիճանաբար կազմավորվեց Լեռնային Ղարաբաղի դատական համակարգը։ Պատերազմի ավարտից հետո անցում կատարվեց դեպի կառավարման նախագահական համակարգը։
Արցախի Սահմանադրությունը ընդունվել է 2006 թ. դեկտեմբերի 10-ին՝ համաժողովրդական հանրաքվեով (մասնակցել է գրանցված քաղաքացիների 87%-ը, Սահմանադրությանը կողմ է քվեարկել քվեարկածների 99,58%-ը)։
Դեկտեմբերի 10-ը ԼՂՀ Սահմանադրության օրն է՝ ոչ աշխատանքային օր։
ԼՂՀ Սահմանադրությամբ ամրագրվել է հայկական երկրորդ հանրապետության կայացման իրավական փաստը։
ԼՂՀ Սահմանադրությունը կազմված է նախաբանից, 12 գլխից և 142 հոդվածից։