Հոդված 1. 1995 թվականի հուլիսի 5-ի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը՝ 2005 թվականի փոփոխություններով, շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հայ ժողովուրդը, հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները, իրականացրած ինքնիշխան պետության վերականգնման իր ազատասեր նախնիների սուրբ պատգամը, նվիրված հայրենիքի հզորացմանը և բարգավաճմանը, ապահովելու համար սերունդների ազատությունը, ընդհանուր բարեկեցությունը, քաղաքացիական համերաշխությունը, հավաստելով հավատարմությունը համամարդկային արժեքներին, ընդունում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը:
ԳԼՈՒԽ 1
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՐԳԻ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԸ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է:
Հոդված 2. Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին:
Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեuված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով:
Իշխանության յուրացումը որևէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է:
Հոդված 3. Մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները և ազատությունները
- Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է: Մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է:
- Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են:
- Հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք:
Հոդված 4. Իշխանությունների բաժանման և հավասարակշռման սկզբունքը
Պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման հիման վրա:
Հոդված 5. Իրավական նորմերի աստիճանակարգությունը
- Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ:
- Oրենքները պետք է համապատասխանեն սահմանադրական օրենքներին, իսկ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը՝ սահմանադրական օրենքներին և օրենքներին:
- Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի և օրենքների նորմերի միջև հակասության դեպքում կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:
Հոդված 6. Օրինականության սկզբունքը
- Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:
- Սահմանադրության և օրենքների հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով Սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են օրենքով լիազորվել ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր: Լիազորող նորմերը պետք է համապատասխանեն իրավական որոշակիության սկզբունքին:
- Օրենքները և ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ են մտնում օրենքով սահմանված կարգով հրապարակվելուց հետո:
Հոդված 7. Ընտրական իրավունքի սկզբունքները
Ազգային ժողովի և համայնքների ավագանիների ընտրությունները, ինչպես նաև հանրաքվեներն անցկացվում են ընդհանուր, հավասար, ազատ և ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա՝ գաղտնի քվեարկությամբ:
Հոդված 8. Գաղափարախոսական բազմակարծությունը և բազմակուսակցական համակարգը
- Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում են գաղափարախոսական բազմակարծությունը և բազմակուսակցական համակարգը:
- Կուսակցությունները կազմավորվում և գործում են ազատորեն: Կուսակցությունների համար օրենքով երաշխավորվում են գործունեության հավասար իրավական հնարավորություններ:
- Կուսակցությունները նպաստում են ժողովրդի քաղաքական կամքի ձևավորմանն ու արտահայտմանը:
- Կուսակցությունների կառուցվածքը և գործունեությունը չեն կարող հակասել ժողովրդավարական սկզբունքներին:
Հոդված 9. Տեղական ինքնակառավարման երաշխավորումը
Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է տեղական ինքնակառավարումը` որպես ժողովրդավարության էական հիմքերից մեկը:
Հոդված 10. Սեփականության երաշխավորումը
- Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և հավասարապես պաշտպանվում են սեփականության բոլոր ձևերը:
- Ընդերքը և ջրային ռեսուրսները պետության բացառիկ սեփականությունն են: