
Բագրատունյաց թագավորության անկումից հետո Փոքր Ասիայի հարավ-արևելքում ՝ Կիլիկիայում, առաջացավ հայկական նոր պետականություն։ Կիլիկիան հարավից սահմանակից էր Միջերկրական ծովին, հյուսիսում նրա սահմանները հասնում էին մինչև Տավրոսի լեռները։ Վաղ ժամանակներից սկսած ՝ հայերը բնակություն են հաստատել Կիլիկիայում։ 11-րդ դարի երկրորդ կեսին հայերը մեծամասնություն էին կազմում Կիլիկիայում, ուր ապրում էին նաև հույները, ասորիները և արաբները։ Հայկական պետական կազմավորումներից ամենակենսունակը եղավ Ռուբինյան իշխանությունը։ Իշխանապետության հիմնադիր-իշխանը Ռուբեն Ա-ն է: Նրա անունով իշխանապետությունը կոչվում է Ռուբինյանների: Անիի Բագրատունյաց թագավորության անկումից մի քանի տասնամյակ անց Բագրատունի վերջին թագակիր Գագիկ Բ-ի թիկնապահ Ռուբեն իշխանը հայոց նոր պետականություն ստեղծեց Կիլիկիայում: Տեղի հայերի աջակցությամբ տիրանալով Լեռնային Կիլիկիայի Բարձրբերդ, Կոպիտառ ու Կոռոմոզոլ (Կոլիմոզոլ) բերդերին՝ նա 1080 թ-ին թոթափեց Բյուզանդիայի գերիշխանությունը և հիմնեց անկախ ու ընդարձակ իշխանություն: Ռուբենի ավագ որդի Կոստանդին Ա-ն սելջուկյան թյուրքերից և բյուզանդացիներից ազատագրեց մի շարք հայաբնակ գավառներ, քաղաքներ ու բերդեր: 1098 թ-ին գրավեց ռազմավարական կարևոր նշանակության Վահկա բերդը և դարձրեց իշխանանիստ կենտրոն: Լեռնային Կիլիկիայում ձևավորված Ռուբինյան պետության հետագա գոյատևման համար կարևոր էր Դաշտային Կիլիկիայի գրավումը։ Անհրաժեշտ էր ձեռք բերել գյուղատնտեսության համար կարևոր կենսական տարածքներ և առևտրական ճանապարհների վրա ընկած քաղաքներ, ինչպես նաև Միջերկրական ծովի ափերի նավահանգիստները։ Այդ խնդիրը լուծելու համար Ռուբինյանները պայքարի մեջ մտան Բյուզանդիայի, խաչակիրների և սելջուկների դեմ։ Կոնստադինին հաջորդեց նրա որդի ՝ Թորոս Ա-ն։ Նա Կիլիկյան Հայաստանի սահմանները ընդարձակեց դեպի հարավ, 1104թ. գրավեց Սիսը և Անավարզա քաղաքները ՝ դարձնելով վերջինիս մայրաքաղաք։
Լևոն 1-ին արքայի ներքին և արտաքին քաղաքականությունը
Լևոն Ա-ն հաջորդել է եղբորը՝ Թորոս Ա իշխանին, որի գահակիցն ու զորավարն էր։ Ռազմական տաղանդի, քաջության համար ժողովուրդը Լևոնին անվանել է Նոր Աժդահակ։
Լևոնի գահակալման առաջին տարում, Թորոս Ա–ի մահից անմիջապես հետո, Կիլիկիայի վրա հարձակվեցին հյուսիս–արևելքից սելջուկյան թուրքերը, հարավ–արևելքից՝ խաչակիր ասպետները։ Խելամտորեն օգտագործելով սելջուկյան թուրքերի ու խաչակիրների միջև եղած թշնամանքը՝ Լևոնը առանձին–առանձին ջախջախեց ու վտարեց նրանց Կիլիկիայից։ 1132 թվականին Լևոնը բյուզանդական տիրապետությունից ազատագրեց Կիլիկիայի ծովեզրյա հայաբնակ շրջանները։Այնուհետև Լևոնը, դաշնակցելով Եդեսիայի կառավարիչ Ջոսլինին և Հալեպի Զանգի ամիրային, 1135–1136 թվականներին հաջողությամբ կռիվներ մղեց Անտիոքի դքսության ու Երուսաղեմի թագավորության դեմ, ընդարձակեց իշխանության սահմանները դեպի հարավ–արևելք։ Անտիոքի դուքս Ռայմոնդը Մարաշի դուքս Բաղդինի աջակցությամբ 1136 թվականին խարդախաբար ձերբակալեց Լևոնին, որն ազատ արձակվեց Մամեստիա, Ադանա, Սարվանդիքար քաղաքները Թայմոնդին զիջելուց, 6000 դուկատ փրկագին վճարելուց հետո։ Նույն թվականին Լևոնը պարտության մատնեց Ռայմոնդին և վերստին գրավեց հիշյալ քաղաքները։ Բյուզանդիայի հարձակման սպառնալիքի պայմաններում, շուտով Լևոնը և Ռայմոնդը հաշտվեցին։ Լևոնը հերոսական դիմադրություն կազմակերպեց 1137 թվականի հուլիսին Կիլիկիա ներխուժած բյուզանդական մեծաթիվ ուժերի դեմ։ Սակայն շրջապատման մեջ ընկնելով, անձնատուր եղավ Հովհաննես Կոմնենոս կայսրին։ Վերջինս Լևոնին, նրա կնոջը և երկու որդուն՝ Ռայմոնդին և Թորոսին, շղթայակապ ուղարկեց Կոստանդնուպոլիս։ Այստեղ 1138 թվականին սպանեցին գահաժառանգ Ռայմոնդին։ Վշտից վախճանվեց նաև Լևոնը։ Իսկ Թորոսը (Թորոս Բ) 1143 թվականին կարողացավ փախչել գերությունից և վերականգնել Հայոց ընդհատված պետականությունը։