Posted in Պատմություն 9

Թեմա 18. Բագրատունյաց Հայաստանի վերելքը 10-րդ դարի երկրորդ կեսին և 11-րդ դարի սկզբին: Անին՝ մայրաքաղաք.

Աբաս Ա Բագրատունի, հաջորդել Է եղբորը՝ Աշոտ Բ Երկաթին, Սմբատ Ա-ի որդին, Բագրատունիների արքայական տոհմից։ Նախքան թագավորելը եղել է սպարապետ, իշխանանիստն էր Կարս քաղաքը։Սմբատ Ա-ի մահից հետո, իր եղբոր՝ Աշոտ Երկաթի հետ միացած հալածել է պարսիկներին և ապստամբած հայ իշխաններին: Աշոտ Երկաթի թագավորության ժամանակ՝ ապստամբել է նրա դեմ: Անժառանգ եղբոր՝ Աշոտ Բ Երկաթի մահից հետո գահ է բարձրացել որպես «Շահնշահ Հայոց և Վրաց»։ Կարսը հռչակել թագավորանիստ, կառուցել սուրբ Առաքելոց եկեղեցին, որը կանգուն է մինչև այսօր։ Աբաս Ա-ն խաղաղության դաշինք է կնքել Ատրպատականի Ափշին ոստիկանի հետ, ինչպես նաև Դվինի արաբ ոստիկանի հետ: Նրա օրոք հաստատվել է խաղաղություն Բագրատունյաց թագավորությունում: Աբասը վարել է կենտրոնաձիգ քաղաքականություն։ 948 թվականին կաթողիկոսական աթոռը Աղթամարից փոխադրել է Արգինա, երկիրը մասամբ ազատել արաբ հողատերերից, հաղթել Աբխազիայի Բեր թագավորին, որով կասեցրել է կովկասյան ցեղերի ասպատակությունները: Զսպել աբխազական թագավորների ոտնձգությունները Բագրատունյաց Հայաստանի և Քարթլիի թագավորության նկատմամբ։ Աբասի օրոք հայկական զորքերը շարունակում էին լեռնականների ներխուժումներից պաշտպանել Ալանաց դուռը։ Աբասը զբաղվել է նաև երկրի վերաշինությամբ։ Մահացել է 953 թվականին:

Աշոտ Գ Ողորմածը որպես պետության թագավոր իշխել է 953թ․-ից։ Նա գահ է բարձրացել իր հոր՝ Աբաս Բագրատունուց հետո։ Նա իր իշխանության ընթացքում երկրի ամրապնդման ու կենտրոնացման հետ կապված կարևոր որոշումներ է կայացրել։ Աշոտ Գ-ի ժամանակ վերելք են ապրել երկրի քաղաքական, մշակութային ու տնտեսական ոլորտները։ Աշոտ Գ-ն հոգատարություն է ցույց տվել ավելի աղքատ մարդկանց, նաև կույրերին և այլ ոչ կարողներին, նրանց համար բացելով բարեգործական հաստատություններ։ Այսպիսի լավ արարքների համար էլ նա ստացել է իր Ողորմած մականունը։ Իր որդուն, Սմբատ Բ-ին, 958թ․ նշանակել է որպես իրեն հաջորդող գահակից։ 961թ․ երկրի մայրաքաղաքը Կարսից տեղափոխել է Անի ու կառուցապատել է այն։ 963-964թթ․ քաղաքի աշտարակազարդ պարիսպների առաջին գիծն է կառուցել։ Մեծացրել է Հայաստանի մշտական բանակի քանակը։ Աշխատել է պետության վարչական կառավարման համակարգը կատարելագործել։ Ստեղծել է նաև հայկական ավատատիրական թագավորությունների դաշնակցային միությունը, որի գլխավորը ինքն է եղել։ Իր օրոք Հայաստանում կատարվում էին շատ շինարարական աշխատանքներ՝ գլխավոր կենտրոններում հիմնվում էին նոր դպրոցներ, հիվանդանոցներ ու վանքեր։ Խոսրովանույշ թագուհին, նրա կինը, 966թ․ հիմնել է Սանահինի, հետո 976թ․՝ Հաղպատի վանքերը։ Դրանք հետո դարձան գիտաուսումնական կենտրոններ։ Թագավորը հաջողությամբ պայքարել է Կովկասի լեռնականների ու Աղձնիքի արաբ ամիրի հարձակումների դեմ։ Նա 80 հազարանոց բանակով Հարք գավառում դուրս է եկել բյուզանդական զորքերի դեմ, քանի որ նրանք 1967թ․ խաբեության ձևերով տիրացել էին Տարոնի Բագրատունյաց իշխանությանը։ 974թ․ արքան հակառակորդ Հովհաննես I Չմշկիկի հետ ստորագրելով նրանց միջև խաղաղության պայմանագիրը՝ հաջողությամբ կարգավորում է իրավիճակը և կարողանում է պաշտպանել իր պետությունը։ Աշոտ Գ Ողորմած թագավորը մահացել է 977թ:

Անիի հիմնումը և մայրաքաղաքի կայացումը


Անի անվանման ստուգաբանությունը բացատրվում է երկու կերպ. առաջինը, ենթադրվում է, որ այս անունը աոաջացել է Անահիտ աստվածուհու անունից։ Իսկ մի այլ մեկնաբանումով Անի անունը ծագել է Հայասա ժողովրդի Անիա թագավորի անունից։ Անի անունով նշանավոր ամրոց է եղել պատմական Հայաստանի Բարձր Հայքի Դարանաղի գավառում։ Երզնկայից Ակն տանող ճանապարհի վրա, Եփրատի ձախ ափին։ Այնպես որ Անի անունը այստեղից է եկել Շիրակ: Ղարսի սարահարթից դեպի հարավ-արևելք, Ղարս քաղաքից հիսուն կիլոմետր հեռու ընկած է պատմական մեծ անցյալ ունեցող այս քաղաքը։ Անին, պատմական Հայաստանի նշանավոր այս քաղաքը, իր հազար տարին բոլորեց 1961 թվականին։
Քաղաքն ունեցել է զարգացման 3 շրջան՝ Կամսարականների, Բագրատունիների (X-XI դդ) և Զաքարյանների (XII-XIV դդ)։
Հայոց Աշոտ Գ թագավորը իր մայրաքաղաքը Ղարսից տեղափոխեց Անի։ Նա Անին գնեց Կամսարականներից և այնտեղ կառուցեց իր թագավորանիստ գեղեցիկ քաղաքը, այստեղ հաստատելով հայոց Բագրատունյաց աթոռը։ Նոր մայրաքաղաքի հիմնումը խորհրդանշում էր ոչ միայն Բագրատունյաց թագավորության հզորացումը, այլև այսրկովկասյան տերություն լինելը։ Անին մայրաքաղաք դարձնելու տոնակատարությունը միացվեց Աշոտ Գ-ին թագադրելու հանդիսության հետ։ Անի էին հրավիրված Հայաստանի և հարևան երկրների՝ Վիրքի, Աղվանքի նշանավոր դեմքերը։ Այդ հանդիսությունները ժամանակակիցների վրա այն տպավորությունն էին գործում, որ կարծես վերականգնվել էր Հայ Արշակունիների թագավորությունը։
Աշոտ Գ-ն և նրա հաջորդները միջոցներ չէին խնայում նոր մայրաքաղաքը բարեկարգելու, ամրացնելու համար։ 963-964թթ կառուցվեց արագ աճող քաղաքն ընդգրկող աշտարակներով ամրացված պարիսպների առաջին գիծը (Աշոտաշեն պարիսպներ)։ Հետագայում Անին այնքան արագ ընդարձակվեց, որ Սմբատ Բ-ի օրոք՝ 989 թ, անհրաժեշտ եղավ կառուցել քաղաքի պարիսպների երկրորդ գիծը (Սմբատաշեն պարիսպներ):
Անին աշխարհագրական և ռազմավարական հարմար դիրք ուներ և գտնվում էր բանուկ առևտրական ճանապարհների խաչմերուկում։ Աշոտ Գ-ն Անին զարդարեց վանքերով, կառուցեց որբանոցներ ու ծերանոցներ, որի համար էլ կոչվեց Աշոտ Ողորմած։ Ականատես պատմիչների վկայությամբ Անին շուտով դառնում է աշխարհահռչակ քաղաք։ Բագրատունյաց մայրաքաղաքը դառնում է միաժամանակ վաճառաշահ և կուլտուրական կենտրոն։ Այն զարդարվում է բազմաթիվ տուֆակերտ գեղեցիկ կոթողներով, որոնցից շատերն ունեն համաշխարհային արժեք։ Անին իր ծաղկման գագաթնակետին հասավ 10-րդ դարում։ Հնուց մնացած այն արտահայտությունը, որ եթե «Աշխարհն ավերվի, Անին կշինի, Անին ավերվի, աշխարհը չի շինի», խոսում է նրա մեծ անցյալի և հզորության մասին։

Թողնել մեկնաբանություն