Արյան գործառույթները: Արյունը հեղուկ շարակցական հյուսվածք է: Այն օրգանիզմի բոլոր բջիջներին մատակարարում է թթվածին և սննդանյութեր, այնտեղից հեռացնում է ածխաթթու գազը և կենսագործունեության արգասիքները: Արյան մեջ են անցնում ներզատական գեղձերում մշակված կենսաբանական ակտիվ նյութերը (հորմոնները), որոնք կարգավորում են օրգան համակարգերի գործունեությունը: Այն նաև նպաստում է օրգանիզմի ներքին միջավայրի քիմիական բաղադրության ու մարմնի կայուն ջերմաստիճանի պահպանմանը:

Արյունը կատարում է նաև պաշտպանական դեր, նրանում գտնվում են արյան սպիտակ գնդիկներ՝ լեյկոցիտներ, ինչպես նաև հակամարմիններ, որոնք վնասազերծում են օտարածին մարմինները և ապահովում օրգանիզմի անընկալունակությունը որոշակի հիվանդությունների նկատմամբ (իմունիտետ): Արյան պաշտպանական գործառույթ է համարվում նաև նրա մակարդելիության հատկությունը:

Արյան քաղցկեղ
Արյան քաղցկեղի պատճառագիտությունը բազմագործոնային է, այսինքն՝ այն առաջանում է մի քանի գործոնների միաժամանակյա ներգործությունից։ Արյան քաղցկեղի առաջացման պատճառ կարող են հանդիսանալ տարբեր գործոններ՝ ժառանգական նախատրամադրվածություն, որոշակի մուտացիաներ, այսինքն՝ օրգանիզմում գենային խաթարումներ, քիմիական որոշակի նյութեր, որոշակի հակաբիոտիկներ, դեղամիջոցներ, տարբեր վիրուսներ:
Քաղցկեղն արտահայտվում է մի քանի համախտանիշներով։ Առաջինն անեմիկ համախտանիշն է, որը դրսևորվում է թուլությամբ, քնկոտությամբ, ախորժակի կորստով, աշխուժության անկմամբ: Երկրորդը հեմոռագիկ համախտանիշն է, որը բնութագրվում է տարատեսակ արյունահոսություններով, օրինակ՝ քթային, լնդային և այլն։ Հաջորդը իմունոդեֆիցիտային համախտանիշն է, որն արտահայտվում է տարատեսակ ինֆեկցիաների նկատմամբ հակվածությամբ, քանի որ իմունային բջիջները հենց արյան կազմում են և հասունացած չլինելով՝ չեն կարողանում ապահովել իմունիտետը, և տարբեր ինֆեկցիաներ, որոնք նորմայում ընկճվում են, այս դեպքում գլուխ են բարձրացնում:
Հաջորդն ինտոքսիկացիոն համախտանիշն է՝ թունավորման, որը պայմանավորված է այդ չարորակ բջիջների կողմից արտադրվող թունավոր նյութերով։ Այն կարող է դրսևորվել ջերմության բարձրացումով, մկանացավերով, հոդացավերով, ոսկրային ցավերով, և այլն: Կա մեկ այլ համախտանիշ ևս՝ գերաճային համախտանիշը, որի ժամանակ որոշակի օրգաններ չափերով մեծանում են, օրինակ՝ լյարդը, փայծաղը, ավշային հանգույցները: