Վարդանանց պատերազմը (Մարզպանական Հայաստանի I ապստամբություն) (449-451) հայ ժողովրդի պայքարն էր հանուն հայ մնալու ու ազգային ինքնությունը պահպանելու: Դրան հակառակ` Պարսից թագավորությունը նպատակ էր դրել հավատափոխ անել հայերին և հասնել նրանց ձուլմանը պարսիկների հետ: Պատերազմի վճռական՝ Ավարայրի ճակատամարտի (451թ. մայիսի 26) ելքն անորոշ էր, սակայն ապստամբության ղեկավար՝ սպարապետ Վարդան Մամիկոնյանի զոհվելու պատճառով հայկական զորքը ցրվեց: Այնուամենայնիվ, պարսիկները թուլացրեցին իրենց հակահայկական քաղաքականությունը և հրաժարվեցին հայ ժողովրդին՝ որպես ամբողջություն հավատափոխ անելու իրենց ծրագրերից:
Արտաշատի ճակատամարտ (449)
Սկիզբ առած Վարդանանց պատերազմում հայկական բանակի կարևորագույն խնդիրներից մեկն էր ոչնչացնել Արտաշատում գտնվող Պարսից թագավորություն կայազորը:
I փուլ – Սպարապետ Վարդան Մամիկոնյանի, Տաճատ Ռշտունու և Վահրիճ Անձևացու գլխավորած Հայկական բանակը (1.200) անակնկալ հարձակումով ջախջախեց քաղաքում Վնդոյի ու Շիրոյի գլխավորությամբ տեղակայված Պարսից թագավորության կայազորին (մոտ 2.000): Վնդոն ու Շիրոն սպանվեցին: Մարտի ընթացքում Վարդան Մամիկոնյանը մարտադաշտում հանդիպեց դավաճան Շավասպ Արծրունուն և մենամարտում թրի հզոր հարվածով սպանեց նրան:
II փուլ – Հայկական բանակը հետապնդեց թշնամու բանակի մնացորդներին մինչև Նախիջևան:
Ճակատամարտը պայմաններ ստեղծեց Վարդանանց պատերազմի հետագա հաջող զարգացման համար: Դրանից հետո Հայկական բանակը ոչնչացրեց Վանի, ինչպես նաև Գառնի, Անի (վերջինը՝ Շիրակ, Ախուրյանի աջ ափին), Արտագերս, Երկայնորդ, Արխնի, Բարձրաբող, Խորանիստ, Ծախանիստ, Ողական, Արփանյալ, Զռեյլ (վերջինը՝ Վասպուրական, Առնոտոյն գավառի հարավ-արևմուտք), Կապույտ (վերջինը՝ Գաբեղյանք, Արաքսի հարավային ափին), Որոտ, Շաղատ (վերջինները՝ Սյունիք, Ծղուկ գավառ), Վասակաբերդ (Սյունիք, Սոթք գավառ) ամրոցների և բերդերի պարսկական կայազորները:
Խաղխաղի ճակատամարտ
Թափ առնող Վարդանանց պատերազմի պայմաններում 450 թ-ի օգոստոսին Հայկական բանակը (մոտ 30.000) ասպատակեց Ատրպատականը և նահանջեց: Իր հերթին, Ցանկանալով վերջնականապես արյան մեջ խեղդել ապստամբությունը` Հազկերտ II-ը հայերի դեմ շարժեց իր խոշոր բանակներից մեկը, որը մտավ Աղվանք:
Աղվանքում տեղակայված ու համալրված Պարսից թագավորության բանակը (մոտ 40.000, այդ թվում լփիններ և բաղասականներ) Սեբուխտի գլխավորությամբ սկսեց ասպատակել Աղվանքի տարածքը և միաժամանակ շարժվել Մարզպանական Հայաստանի ուղղությամբ: Տեղեկանալով այդ մասին` սպարապետ Վարդան Մամիկոնյանի գլխավորած Հայկական բանակը (մոտ 30.000) շարժվեց Պարսից թագավորության բանակին ընդառաջ և Կուրի աջ ափով սկսեց հյուսիսից մոտենալ Խաղխաղին: Ընդ որում, տեղյակ լինելով թշնամու ճամբարելու վայրի մասին, սպարապետը նախատեսել էր վերջինիս հասցնել անակնկալ հարված: Սակայն ստացվեց այնպես, որ Վասակ Սյունին դավաճանորեն թշնամուն տեղեկացրեց Հայկական բանակի արշավի մասին, որի արդյունքում Հայկական բանակի մոտենալու ժամանակ թշնամին արդեն մարտակարգով և լիովին սպառազինված վիճակում կանգնած էր Կուր գետի աջ ափին:
Պարսից թագավորության բանակի առաջին շարքում տեղավորվեց հեծելազորը, երկրորդում՝ հետևակը: Թշնամու բանակի ձախը զբաղեցրել էին լփինների արքաեղբայր Վուրկի գլխավորած լփինները և բաղասականները: Հայկական բանակի առաջին շարքում տեղավորվեց ծանր հետևակը, երկրորդ շարքի կենտրոնում՝ թեթև հետևակը, երկրորդ շարքի թևերում՝ թեթև հեծելազորը, իսկ երրորդ շարքում, որպես ընդհանուր պահեստազոր, տեղաբաշխվեց ծանր հեծելազորը: Հայկական բանակի աջը գլխավորում էր Արշավիր Կամսարականը , որպես օգնական ունենալով Մուշ Դիմաքսյանին, ձախը՝ Խորեն Խորխոռունին , որպես օգնական ունենալով Հմայակ Դիմաքսյանին: Կենտրոնի և ողջ բանակի ղեկավարումը իրականացնում էր սպարապետ Վարդան Մամիկոնյանը:
I փուլ – Հայկական աջ թևի հեծելազորը գրոհեց թշնամու ձախ թևի վրա և հզոր հարվածով փախուստի մատնեց լփիններին ու բաղասականներին: Սակայն, ծանոթ չլինելով տեղանքին, Հայկական հեծելազորը խրվեց ճահճուտում և սկսեց կորուստներ կրել փախուստը դադարեցրած հակառակորդի ձախ թևի, ինչպես նաև կենտրոնից Սեբուխտի ղեկավարությամբ օգնության շտապած հիմնական ուժերի հարվածից: Այս ընթացքում Սեբուխտի հետ տեղի ունեցած մենամարտում սպանվեց Մուշ Դիմասքյանը: Մարտում վիրավորվեց նաև Գազրիկ Դիմաքսյանը:
II փուլ – Օգտվելով թշնամու կենտրոնի թուլացումից` Հայկական կենտրոնի և ձախի հեծելազորը հզոր հարված հասցրեցին համապատասխանաբար թշնամու կենտրոնին ու աջին` պարտության և փախուստի մատնելով վերջիններիս:
III փուլ – Այս ընթացքում Հայկական աջի հեծյալները, հետևելով Արշավիր Կամսարականի օրինակին, ցած թռան ճահճուտում խրված իրենց ձիերից և սկսեցին հետևակ թրամարտ հակառակորդի հետ, որի ընթացքում Արշավիրը մենամարտում սպանեց Վուրկին, ինչպես նաև վերջինիս մի քանի թիկնապահներին:
IV փուլ – Կենտրոնում և իր ձախում հաջողության հասած Հայկական բանակը օգնության հասավ սեփական աջին ու թևային հարված հասցրեց թշնամուն: Արդյունքում պարտություն կրեց և փախուստի դիմեց նաև Պարսից թագավորության բանակի ձախը:
V փուլ – Փորձելով փրկվել հետապնդող Հայկական բանակից` Պարսից թագավորության բանակի հրամանատարությունը նավակներով, իսկ մնացած ռազմիկները` առանց դրանց, խուճապահար փախուստի մեջ փորձեցին անցնել Կուրի մյուս ափ:
Օգտվելով դրանից` գետափին մոտեցած և սեփական ծանր հեծելազորի ու հետևակի պաշտպանությունից օգտվող Հայկական բանակի հետևակ և հեծյալ նետաձիգները հզոր հարվածի տակ առան թշնամուն, որի արդյունքում վերջինս ծանր կորուստներ կրեց ու վերջնական պարտության մատնվեց:
Հայերը կորցրին մոտ 3.000, թշնամին` մոտ 25.000 զինվոր:
Խաղխաղի ճակատամարտը իր գեղարվեստական արտացոլումն է գտել Դերենիկ Դեմիրճյանի «Վարդանանք» պատմավեպում։ Ճակատամարտը պայմաններ ստեղծեց Վարդանանց պատերազմի հաջող շարունակության համար և զգալի վնաս հասցրեց Պարսից թագավորությանռազմական հզորությանը: Զարգացնելով հաջողությունը` Վարդան Մամիկոնյանի գլխավորած Հայկական բանակը գրավեց Դերբենդ ամրոցը, որտեղ Վահան Առանշահիկի գլխավորաությամբ թողնվեց ուժեղ կայազոր: Այս ամենը պայմաններ ստեղծեց նրա համար, որ հոների առաջնորդ Աթիլլայի հետ կնքվի հակապարսկական ուղղվածություն ունեցող ռազմական դաշինք:
Թուլացան նաև Վասակ Սյունու դիրքերը: Սյունիքը ընկավ Վարդանի կողմնակիցների տիրապետության տակ, իսկ Վասակ Սյունին հեռացավ Պարսից թագավորության:
