
Արշակունիներ, պարթևական արքայատոհմ։ Մ. թ. ա. 247 թվականին իշխանության է հասել Պարսկաստանում, և երկիրը կառավարել շուրջ կես հազարամյակ՝ մինչև մ. թ. 226 թվականը։ Այդ ընթացքում Մերձավոր Արևելքում տիրապետող էր հելլենիզմը: Պարթև Արշակունիները կարողացել են իրենց գերիշխանությունը և տոհմական ճյուղերը հաստատել Մեծ Հայքում, Վիրքում և Աղվանքում: Հայաստանում բուն Արշակունիների իշխանությունը հաստատվել է մ.թ. 52 թվականից (Ըստ Մ. Խորենացու՝ Արշակունյաց հարստության հիմնադիրը Հայաստանում հանդիսացել է Վաղարշակ Ա-ն /մ.թ.ա. 247-225/, Արշակունի ծագում տալով նաև Արտաշեսյաններին) և իշխել մինչև մ.թ. 428 թվականը։ Վրաց Արշակունիների իշխանությունը տևել է մեկ դար՝ մ.թ. 189-284: Աղվանքում մազքթաց Արշակունիները իշխել են մ.թ. 1-ին դարից մինչև 510 թվականը։ Հայ Արշակունիների տիրապետության ժամանակ Մեծ Հայքի թագավորությունը կրել է քաղաքական, տնտեսական, մշակութային փոփոխություններ։ Դրանց մեջ առանձնանում է ավատատիրական կարգերի հաստատումը (3-5-րդ դարեր), քրիստոնեության ընդունումը (301) և հայ գրերի գյուտը (405)։ 387 թվականին Հայաստանը առաջին անգամ բաժանվել է Հռոմեական կայսրության և Սասանյան Պարսկաստանի միջև։ Արևմտյան հատվածում նոր թագավորներ չեն կարգվել, իսկ արևելյան հատվածում հայ Արշակունիներն իշխել են մինչև 428 թվականը։ Հայոց պետականության անկումից հետո մի քանի իշխանական տներ (Մամիկոնյաններ, Սյունիներ, Բագրատունիներ, Արծրունիներ և այլք) պահպանել են Հայաստանի՝ որպես վարչաքաղաքական միավորի ու մշակութային-կրոնական կենտրոնի ամբողջությունը, ինչի շնորհիվ հայոց թագավորությունը Բագրատունիների գլխավորությամբ վերականգնվել է 885 թվականին։
Տրդատ երրորդ

Տրդատ 3- րդ Մեծ Հայքի Արշակունի թագավոր է 287 թվականից։ Հայոց թագավոր Խոսրով Բ Արշակունու որդին։ Կրթվել և դաստիարակվել է հռոմեական արքունիքում: Ըստ պատմիչներ Ագաթանգեղոսի և Մովսես Խորենացու, տիրապետելով արտակարգ ուժի, աչքի է ընկել կրկեսամարտերում, ինչպես նաև ՝ Հռոմեական կայսրության մղած պատերազմներում։ Հռոմեա-պարսկական պատերզամները իրար հաջորդելով շարունակվում էին՝ կազմաքանդ անելով Հայաստանի տնտեսությունը։
Պատերազմի սկզբում առավելությունը պարսկական զորքերի կողմն էր, սակայն հռոմեացիները, համալրում ստանալով, 297 թվականին հայկական զորամասերի օգնությամբ հռոմեացիները սոսկալի պարտության մատնեցին պարսիկներին։ Ներսեհ արքան գերի ընկավ իր ողջ ընտանիքով հանդերձ։ Վերջինս ստիպված 298 թվականին Մծբինում հաշտության պայմանագիր կնքեց։
Տրդատ 3- րդ գահակալությունը
Հռոմեական զորքերի ուղեկցությամբ 287 թվականին Տրդատը գալիս է Մեծ Հայք ՝ գահը վերադարձնելու։ Նրան է միանում նաև Անակի որդի երիտասարդ Գրիգորը ՝ դառնալով արքայի հավատարիմ զինակիցը։ Նա Կեսարիայում քրիստոնեական կրթություն էր ստացել։ Պարսկաստանի դեմ տարած հաղթանակից հետո Տրդատ արքան առաջարկում է Գրիգորին ընծա մատուցել Անահիտ դիցուհուն։ Գրիգորը հրաժարվում է կուռքին զոհ մատուցել։ Իմանալով նաև, որ Գրիգորը Խոսրով թագավորին սպանած Անակի որդին է, Տրդատը պատվիրում է նրան գցել Արտաշատի զնդանը , ուր Գրիգորը հրաշքով ապրում է 13 տարի։ Տրդատ Մեծը հրովարտակով կոչ է անում հպատակներին հավատարիմ մնալ հեթանոսական կրոնին և մահապատիժ է սահմանում քրիստոնյաների համար։
Ավանդության համաձայն, մի քանի տարի անց Տրդատ արքան որսի ժամանակ հիվանդանում է խոզակերպ հիվանդությամբ։ Ագաթանգեղոսը գրում է.
Տրդատի հիվանդության պատճառը Հռոմի Դիոկղետիանոս կայսեր ձեռքից փախած 33 Հռիփսիմյանց կույսերի սպանությունն էր։ Նրանցից Հռիփսիմեն քարկոծվելով սպանվել էր՝ արքայի հետ ամուսնանալու առաջարկը մերժելու համար։ Տրդատի քույրը՝ Խոսրովիդուխտը, երազ է տեսնում, որ արքային կարող է բուժում պարգևել զնդանում գտնվող Գրիգորը, ում Վիրապից հանելով բերում են Վաղարշապատ: Նա հողին է հանձնում նահատակ կույսերի աճյունները, ապա 5-օրյա պահք է սահմանում և աղոթքով ապաքինում արքային։ Գրիգորը 66 օր արքունիքին ու ժողովրդին քարոզում է Հին ու Նոր կտակարանը: Քարոզության վերջին օրը տեսիլքով նրան ցույց է տրվում եկեղեցու կառուցման վայրը։
Գրիգորը Տրդատի հետ շրջում է Հայոց աշխարհում, քրիստոնեություն է քարոզում, քանդում է հեթանոսական հուշարձանները և նոր քրիստոնեականն է կառուցում դրանց տեղերում։ Տրդատ Մեծը ավագանու որոշմամբ Գրիգոր Լուսավորչին ուղարկում է Կեսարիա՝ եպիսկոպոս ձեռնադրվելու։ Կեսարիայից վերադառնալուց հետո նորընտիր կաթողիկոսը Արածանի գետում մկրտում է Տրդատ թագավորին և արքունիքին, ապա Տրդատ Գ մեծի հետ ձեռնամուխ է լինում Էջմիածնի Մայր Տաճարի կառուցմանը։ 301 թվականին քրիստոնեությունը հռչակվում է Մեծ Հայքի պետական կրոն: