Մետալուրգիան Հայաստանի Հանրապետության արդյունաբերության հնագույն և առաջատար ճյուղերից է։ Հայտնի է, որ մետաղի ստացումն անցնում է տեխնոլոգիական մի քանի փուլ՝ սկսած հանքանյութի հանույթից, հարստացումից մինչև մետաղի ձուլումը և գլանվածքի ստացումը։ ՀՀ մետալուրգիական համալիրը բաղկացած է մի քանի ճյուղերից՝ պղնձի, մոլիբդենի, բազմամետաղների և ոսկու։ Մետաղաձուլությունը ՀՀ տնտեսության գերակա ուղղություններից է։ Մեր երկիրն ունի բավարար պայմաններ՝ բարձր արդյունավետ բնապահպանական առումով մաքուր մետալուրգիական բազմաճյուղ արդյունաբերություն զարգացնելու համար։ Այն ամբողջությամբ պետք է հենվի սեփական հանքավայրերի, ինչպես նաև լեռնահանքային արդյունաբերության կուտակած թափոնների օգտագործման վրա։ Սակայն ՀՀ-ում լեռնահանքային արդյունաբերության զարգացման ուղությունները պետք է բացառապես հիմնվեն էկոլոգիական գերծոնների առաջնահերթ հաշվառման վրա։
Գունավոր մետալուրգիան ծանր արդյունաբերության ճյուղ է։ Ընդգրկում է հանքավայրի հետազոտումը, հանքանյութի արդյունահանումը և հարստացումը, գունավոր, հազվագյուտ, թանկարժեք մետաղների և նրանց համաձուլվածքների արտադրությունն ու առաջնային մշակումը, ինչպես նաև բնական ալմաստի հանույթը և արհեստական ալմաստների արտադրությունը։ Զբաղվում է նաև երկրորդային մետալուրգիական հումքի վերամշակմամբ, մետաղների մաքրմամբ, տարբեր մետաղափոշիների, ձուլվածքների, մաքուր-գերմաքուր, ծանր, թեթև, ազնիվ, հազվագյուտ, ցրված, ռադիոակտիվ մետաղների, նրանց աղերի, միացությունների, ուղեկցող քիմիական արտադրանքների, Էլեկտրոդային և խարամասիտալային իրերի, կիսահաղորդիչների և այլ նյութերի արտադրությամբ։