Posted in Պատմություն 9

Թեմա 2. Վանի թագավորություն. Արգիշտի 1-ին: Սարդուրի 2-րդ

Վանի թագավորություն

Վանի թագավորության հիմնադրումը: Ք. ա. II հազարամյակի վերջին և I հազարամյակի սկզբին Ասորեստանի հարձակումներն ավելի հաճախակի էին դարձել: Դա Հայկական լեռնաշխարհի պետական կազմավորումներին ստիպեց արագացնելու միավորման գործընթացն՝ ընդդեմ ընդհանուր թշնամու: Ք. ա. IX դարում Վանա լճի ավազանում ստեղծվեց և աստիճանաբար հզորացավ համահայկական առաջին թագավորությունը: Այն մեծ դեր է խաղացել ոչ միայն Հայաստանի, այլև համաշխարհային պատմության մեջ: Աստվածաշնչում այդ թագավորությունը հայտնի է Արարատ անվամբ, իսկ ասորեստանցիներն այն կոչում էին Ուրարտու: Իր արքաների ասուրերեն արձանագրություններում երկիրը կոչվում է մեկ այլ ավանդական անվամբ՝ Նաիրի: Իսկ տեղական լեզվով սեպագրերում այն կոչվում է Բիայնիլի, որը կապված է Վան անվան հետ: Այդ պատճառով պատմագիտության մեջ այս պետությունը հաճախ կոչում են Վանի թագավորություն: Ասորեստանի արձանագրություններում Ք. ա. IX դ. 30-20-ական թթ. Հայաստանի հզոր արքա է հիշատակվում Սարդուրի I-ը (թագավորել է Ք. ա. մոտ 835-825 թթ.): Նա հաջողությամբ դիմակայել է ասորեստանյան արշավանքներին: Ի տարբերություն Արամ Հայկազունու, որի իշխանությունը տարածվում էր Հայաստանի կենտրոնական և հյուսիսային շրջաններում, Սարդուրի I-ը հիշատակվում է որպես Հայաստանի հարավային շրջանների տիրակալ: Նրա շինարարական և ռազմական գործունեությունը կապված է Վանա լճի ավազանի և Աղձնիք աշխարհի տարածքների հետ: Սարդուրի I-ի ձեռնարկած կարևոր քայլերը ամրապնդեցին  վերելքի ուղին բռնած թագավորությունը: Իսկ նրա հաջորդների իշխանությունն ընդարձակվելով աստիճանաբար ընդգրկեց ամբողջ Հայկական լեռնաշխարհը, ապա տարածվեց նաև այլ երկրների վրա: Տուշպա-Վանը՝ մայրաքաղաք: Պատմության մեջ հայտնի են բազմաթիվ դեպքեր, երբ նորաստեղծ պետությունը սկսում է հզորանալ, կարիք է զգացվում նոր, ավելի մեծ ու շքեղ մայրաքաղաքի: Այդպես եղավ նաև Վանի թագավորությունում: Ք. ա. 830-ական թվականների վերջին Սարդուրի I-ը Վանա լճի արևելյան ափին հիմնադրեց Տուշպա (Տոսպ, Վան) մայրաքաղաքը: Լճափին բարձրացող հսկայածավալ բնական ժայռի վրա նա կառուցեց բարձր պարիսպներով ու հզոր աշտարակներով անմատչելի մի ամրոց: Մայրաքաղաքի շինարարությունը և շքեղացումը շարունակեց նաև հետագա արքաների օրոք: Որպես բացառիկ պատիվ՝ նրանք իրենց կոչում էին <<տերը Տուշպա քաղաքի>>: Տուշպա (Տոսպ) մայրաքաղաքի հիմնադրման կապակցությամբ Սարդուրի I-ը թողել է մի քանի արձանագրություն: Նա ներկայանում է որպես <<մեծ արքա, հզոր արքա, տիեզերքի արքա, արքաների արքա, Նաիրի երկրի արքա…>>: Այս հզոր տիտղոսաշարը նրան էր անցել հաղթողի իրավունքով՝ Ասորեստանի նկատմամբ տարած հաղթանակի շնորհիվ: Հայտնի է, որ նրա զորքերը Ք. ա. 833 թվականին Հայկական Տավրոսի հարավային լանջերին հաջողությամբ պատերազմել են Ասորեստանի արքա Սալմանասար III-ի դեմ:

Արգիշտի I

Արգիշտի Ա Վանի թագավորության արքա մոտ մ.թ.ա. 786 թվականից։ Մենուա թագավորի որդին և հաջորդը։ Արգիշտի Ա-ի գահակալության տարիներին Վանի հայկական թագավորությունը հասել է հզորության գագաթնակետին։

Արգիշտի Ա-ից մեզ հասած սեպագիր արձանագրությունների համաձայն նրա գահակալության հենց երկրորդ տարին (Ք.ա. 785 թ) խիստ հագեցած էր հայկական երկրամասերի միավորման գործի ձեռնարկումներով։ Այդ նպատակով նախ նա իր թագավորությանն է միավորում Դիաուխի Տայքը, որը հարուստ էր մետաղահանքերով։ Գրեթե Հայկական ամբողջ լեռնաշխարհը միավորելով Վանի թագավորության մեջ:

Վարել է անհնազանդ ցեղային իշխանությունների կենտրոնախույս ձգտումները ճնշելու քաղաքականություն: Էրեբունին եղել է ուրարտական խոշոր ռազմա-վարչական կենտրոն, որտեղից Արգիշտի Ա-ն և նրա հաջորդները ռազմարշավներ են կատարել դեպի երկրի հյուսիսարևելյան շրջանները։

Արգիշտի Ա-ն ունեցել է նաև եռանդուն շինարարական և տնտեսական գործունեություն։ Արին-բերդում հայտնաբերված արձանագրությունների համաձայն Արգիշտի Ա-ն գահակալման հինգերորդ տարում կառուցել է Էրեբունի քաղաքը, որտեղ վերաբնակեցրել է 6600 հոգի՝ Խաթե և Ծուպա երկրներից։

Արարատյան դաշտում Արգիշտի Ա-ն կառուցել է վարչա-տնտեսական կարևոր նշանակություն ունեցող մեկ ուրիշ քաղաք՝ Արգիշտիխինիլին։ Արմավիրի բլրում հայտնաբերված արձանագրությունները պատմում են Արգիշտիխինիլիում և նրա մերձակա շրջանում Արգիշտի Ա-ի շինարարական աշխատանքների և ոռոգող ջրանցքի կառուցման մասին։ Գտնվել են Արգիշտի Ա-ին վերաբերվող արձանագրությամբ պատկերազարդ բրոնզե սաղավարտներ, վահաններ և այլ իրեր, որոնց մի մասը պահվում է Էրեբունի թանգարանում։

Սարդուրի I I

Վանի թագավորությունը շարունակեց ռազմական և տնտեսական վերելք ապրել Արգիշտի 1-ինի որդի Սարդուրի 2-րդի օրոք (Ք.ա. 764-735 թթ.)։ Ինչպես իր նախնիները, Սարդուրին էլ սկզբում ուշադրություն դարձրեց իր տերության հյուսիսային երկրամասերի վերջնական հնազանդեցմանը, ինչպես նաև նոր երկրների նվաճմանը։ Արշավանք ձեռնարկվեց անհնազանդ Շիրակի դեմ, Սևանա լճի արևմտյան ափին նվաճվեցին Վելիքուխի (Գեղարքունիք) և նրան հարևան երկրները՝ պետության սահմանը հասցնելով մինչև Արցախ։ Հյուսիսում նա գրավեց Կողքիս (Կոլխիդա) երկիրը։ Հարավում նա ձգտում էր աքցանի մեջ առնել Ասորեստանը և՛ արևմուտքից, և՛ արևելքից։ Չնայած սկզբնական հաջողություններին՝ թագավորը, ցավոք, բախվեց վերստին ուժեղացած և վերելքի ուղին բռնած Ասորեստանի դիմադրությանը։
Սարդուրի Բ-ի պայքարը Ասորեստանի դեմ, որ ռազմավարական լուրջ պլաններ էր շոշափում, դժբախտաբար, ավարտվեց անհաջողությամբ։ Ասորեստանում գահ բարձրացած Թիգլաթ-Պալասար 3-րդ արքան , որ կարողացել էր ամրապնդել Ասորեստանի բանակը, Ք.ա. 743 թ. պարտության մատնեց Եփրատի հոսանքով հարավ շարժվող Սարդուրիի զորքերին։ Ավելին, Ք.ա. 735 թ. ասորեստանյան բանակը, շարժվելով առաջ, մոտեցավ մայրաքաղաք Տուշպային և պաշարեց այն։ Ճիշտ է, քաղաքի միջնաբերդը թշնամուն գրավել չհաջողվեց, սակայն Տուշպան ավերվեց, և թշնամին ավարով ու գերիներով հեռացավ։

Թողնել մեկնաբանություն