
Աբսուրդի նոսր օդով ապրող այս բոլոր կյանքերը չէին կարող հարատևել, եթե որևէ խոր ու հաստատուն միտք խթան չհանդիսանար։ Տվյալ դեպքում խոսքը հավատարմության յուրօրինակ զգացողության մասին է։ Եղել են ողջամիտ մարդիկ, որոնք ամեն ու անհեթեթ պատերազմների ժամանակ կատարել են իրենց պարտքը և չեն էլ մտածել, որ իրենք իրենց հակասում են։ Կարևորը նրանց համար եղել է պարտականություններից չխուսափելը։ Ճիշտ այդպես աշխարհի աբսուրդության հավաստումը դառնում է յուրօրինակ մետաֆիզիկական երջանկություն։ Նվաճումն ու խաղը, անթիվ-անհամար սերերը, աբսուրդ ընդվզումը այն մարտերի ընթացքում դրսևորված մարդկային արժանապատվության արտահայտություններն են, ուր տվյալ անձը նախօրոք դատապարտված է պարտության։
Պարզապես պետք է չխախտել մարտի կանոնները։ Այս միտքը ներքին ինքնավստահության ներշնչելու համար բավական է՝ դրա վրա են հենվել ու հենվում բազմաթիվ քաղաքակրթություններ։ Պատերազմն անհնար է ժխտել։ Պատերազմի ժամանակ կամ մեռնում են, կամ կենդանի մնում։ Այդպես Էլ աբսուրդը՝ պետք է շնչել նրանով, յուրացնել դասերը, միս ու արյուն դարձնել։ Այս իմաստով ստեղծագործությունն ամենամեծ աբսուրդ երջանկությունն է։
«Արվեստը, միայն արվեստը,— ասում է Նիցշեն,— արվեստը մեզ տրված է ճշմարտությունից չմեռնելու համար»։
Փորձառությունը, որ ես ուզում եմ նկարագրել, ներկայացնել տարբեր տեսանկյուններից, անառարկելիորեն վկայում է, որ հենց ավարտվում է հերթական տառապանքը, սկսվում է նորը։ Մոռացության միամիտ փնտրտուքները, եղածով բավարարվելու կոչերն անարձագանք են մնում։ Աշխարհին հակադրվելու մշտական լարվածությունը, ամեն ինչ ընդունելու օրինականացված անհեթեթությունը մարդուն նետում են մի այլ տենդի մեջ։ Նման մթնոլորտում ստեղծագործելը դառնում է սեփական գիտակցությունը հիմնավորելու, արկածախնդրությունը արդարացնելու միակ միջոցը։ Ստեղծագործել նշանակում է երկու անգամ ապրել։ Պրուստյան անվստահ ու տագնապալի պրպտումները, ծաղիկների, գարդակարերի մանրակրկիտ հավաքածուները, տագնապները հենց դա են նշանակում։ Ամեն դեպքում նման որոնումներն ավելի մեծ իմաստ չունեն, քան այն անվերջանալի երկունքը, որին իրենց ողջ կյանքում տրվում են դերասանը, նվաճողն ու բոլոր աբսուրդ մարդիկ։ Նրանցից յուրաքանչյուրը ձգտում է նմանակել, պատկերել, վերստեղծել իր ապրած իրականությունը։ Ի վերջո մենք ընդունում ենք մեր ճշմարտությունների կերպարանքը։ Հավերժությունից երես թեքած մարդու համար գոյությունը՝ աբսուրդի դիմակով կատարվող անվերջանալի մնջախաղ է։ Ստեղծագործելը ինքնին մնջախաղի հոյակապ ներկայացում է։
Աբսուրդ մարդիկ նախօրոք գիտեն դա, այդ պատճառով ամեն ջանք թափում են ուսումնասիրելու, յուրացնելու, զարդարելու համար անապագա կղզին, ուր հենց նոր ափ են ելել։ Այո՛, նախ իմացություն է պետք, որովհետև աբսուրդի բացահայտումը համընկնում է ժամանակի այն դադարին, ուր գալիք կրքերը բորբոքվում և արդարացում են ստանում: Նույնիսկ Ավետարանը չընդունող անձինք ունեն իրենց Ձիթենյաց լեռը, որի վրա սակայն նույնպես չի կարելի անվրդով ննջել։ Աբսուրդ մարդու խնդիրը ոչ թե բացատրություն և վճիռ գտնելն է, այլ զգալն ու զգացածը նկարագրելը։ Ամեն ինչ սկսվում է հեռատես անտարբերությունից։