Posted in Պատմություն 9

Երկրորդ համաշխարհային պատերազմ

Երկրորդ աշխարհամարտը ծագել է իմպերիալիստական տերությունների միջև քաղաքական, տնտեսական և գաղափարական հակասությունների սրման հետևանքով: Ֆաշիստական Գերմանիան, Իտալիան և Ճապոնիան պայքարել են Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի քաղաքական տիրապետող դիրքերը թուլացնելու և աշխարհի նոր վերաբաժանման նպատակով: Կարևոր խնդիր էր նաև Խորհրդային Միության տապալումն ու կոմունիստական վտանգի վերացումը:

Անգլիայի և Ֆրանսիայի հիմնական նպատակը իրենց տիրապետող քաղաքական և տնտեսական դիրքերը պահպանելն էր, «Բեռլին–Հռոմ–Տոկիո առանցքի» համաշխարհային տիրապետության հասնելու ծրագրերը ձախողելը: Թեև պատերազմի առաջին փուլում (1939 թ-ի սեպտեմբերի 1 – 1941 թ-ի հունիսի 22) ԱՄՆ-ը պաշտոնապես չեզոք դիրք էր գրավել, սակայն ավելի համակիր էր անգլո-ֆրանսիական խմբավորմանը:

Պատերազմի սկզբում Գերմանիան ուներ 100-ից ավել դիվիզիա, 4400 ինքնաթիռ և մոտ 100 խոշոր նավեր ու սուզանավեր: 1939 թ-ի սեպտեմբերի 1-ի առավոտյան գերմանական զորքերը ներխուժեցին Լեհաստան: Սեպտեմբերի 3-ին` Անգլիան ու Ֆրանսիան, ապա նաև Մեծ Բրիտանիայի դոմինիոններ Ավստրալիան, Նոր Զելանդիան, Կանադան, Հարավաֆրիկյան Միությունը պատերազմ հայտարարեցին Գերմանիային: Սակայն փոխադարձ օգնության պայմանագրեր ստորագրած դաշնակիցները՝ Անգլիան և Ֆրանսիան, ռազմական օգնություն չցուցաբերեցին Լեհաստանին: 

Գերմանիայի հարձակումից անմիջապես հետո ԽՍՀՄ-ը և ԱՄՆ-ը հայտարարեցին իրենց չեզոքության մասին: Սեպտեմբերի կեսերին ակնհայտ էր Լեհաստանի ռազմաքաղաքական պարտությունը: Խորհրդային Միությունը, որը պատերազմի առաջին փուլն օգտագործեց իր տարածքներն ընդարձակելու և միջազգային դիրքերն ուժեղացնելու համար, 1939 թ-ի սեպտեմբերի 17-ին զորքերը մտցրեց Լեհաստան և 12 օրում առաջ շարժվեց 250–300 կմ. գրավեց Արևմտյան Ուկրաինան ու Արևմտյան Բելոռուսիան, որոնք Լեհաստանին էին անցել 1920 թ-ին: 1939 թ-ի նոյեմբերի սկզբին այդ շրջանները մտան, համապատասխանաբար, Ուկրաինական և Բելոռուսական ԽՍՀ-ների կազմերի մեջ:

Խորհրդային Միությունն իր հյուսիսային սահմանների և Լենինգրադի (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ) անվտանգությունն ապահովելու պատրվակով 1939 թ-ի նոյեմբերի 30-ին պատերազմ սկսեց Ֆինլանդիայի դեմ, որը բողոքի մեծ ալիք առաջացրեց աշխարհում, և դեկտեմբերի 14-ին Ազգերի լիգան ԽՍՀՄ-ին, որպես ագրեսորի, վտարեց իր կազմից: Խորհրդային Միությանը մեծ զոհողությունների գնով հաջողվեց հասնել որոշ հաջողությունների և 1940 թ-ի մարտի 12-ին ստորագրված հաշտության պայմանագրով ստանալ Կարելական պարանոցը՝ հարակից տարածքով: Հունիսին ԽՍՀՄ-ի մաս դարձան Բեսարաբիան և Հյուսիսային Բուկովինան, որոնք պատկանում էին Ռումինիային:

1940 թ-ի ամռանը սրվեցին Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի հարաբերությունները ԽՍՀՄ-ի հետ. ԽՍՀՄ-ը մտահոգ էր, որ նրանք կարող են դառնալ Գերմանիայի, Անգլիայի ու Ֆրանսիայի հակախորհրդային քաղաքականության հենակետեր: Հունիսին այդ երկրներում Խորհրդային Միության միջամտությամբ տեղի ունեցան պետական հեղաշրջումներ, հաստատվեցին խորհրդային կարգեր, և օգոստոսին բավարարվեց ԽՍՀՄ-ի կազմի մեջ մտնելու նրանց խնդրանքը:

 Անգլիան ու Ֆրանսիան, գտնվելով պատերազմական իրավիճակում և ունենալով թվական գերակշռություն, այնուամենայնիվ, ռազմական գործողություններին չէին մասնակցում: Արևմտյան ճակատում ստեղծված յուրահատուկ իրադրության պատճառով մոտ 9-ամսյա այդ փուլը կոչվեց «տարօրինակ պատերազմ»:

Գերմանիան ընդամենը 2 օրվա ընթացքում՝ 1940 թ-ի ապրիլի 9–10-ը, գրավեց Դանիան և Նորվեգիան: Մայիսին Արևմտյան ռազմաճակատում կենտրոնացրեց իր գլխավոր ռազմական ուժերը՝ 136 դիվիզիա (3,3 մլն զինվոր), 2600 տանկ, 3600 ինքնաթիռ և ռազմական այլ տեխնիկա: Մայիսի 10-ին գերմանական զորքերն անցան Բելգիայի, Հոլանդիայի, Լյուքսեմբուրգի սահմանները և ներխուժեցին Ֆրանսիա: Ֆրանսիական բանակը չկարողացավ լուրջ դիմադրություն ցույց տալ, և հունիսի 14-ին Փարիզը հանձնվեց, իսկ Ֆրանսիայի անձնատուր լինելու ակտը ստորագրվեց հունիսի 22-ին: Անգլիայի ռմբակոծումն սկսվեց 1940 թ-ի օգոստոսին: Ամիսներ շարունակ գերմանական ռազմական օդուժը ռմբակոծում էր Լոնդոնն ու բրիտանական մյուս քաղաքները: Սակայն նրանց չհաջողվեց հասնել գերակայության օդում, որը հնարավորություն կտար ներխուժելու  Անգլիա: Գերմանական զորքերը 1940 թ-ի հոկտեմբերի 12-ին մտան Ռումինիա, որը նոյեմբերի 23-ին միացավ ֆաշիստական խմբավորմանը (նոյեմբերի 20-ին այդ խմբավորմանն էր միացել Հունգարիան), իսկ 1941 թ-ի մարտին նրանց միացավ նաև Բուլղարիան: Գերմանիան ապրիլի 6-ին հարձակվեց Հարավսլավիայի և Հունաստանի վրա: Ապրիլի 17-ին անձնատուր եղավ հարավսլավական բանակը, իսկ 29-ին գերմանական զորքերը մտան Աթենք:

1941 թ-ի 1-ին կեսին գրեթե ողջ ցամաքային Եվրոպան նվաճված կամ կախման մեջ էր ֆաշիստական խմբավորումից: 1940–41 թթ-ին պատերազմական գործողությունները 2 հակադիր խմբավորումների միջև ծավալվեցին նաև Աֆրիկայի հյուսիսային և արևելյան շրջաններում:

Թեև 1939 թ-ի օգոստոսի 23-ին ստորագրվել էր խորհրդա-գերմանական 10 տարի ժամանակով չհարձակման պայմանագիր, սակայն Հիտլերը 1940 թ-ի վերջերին հաստատեց ԽՍՀՄ-ի վրա հարձակվելու իր պլանը՝ «Բարբարոս» ծածկանվամբ:

 ԽՍՀՄ ղեկավար Ստալինը համոզված էր, որ Գերմանիան 1941 թ-ի ընթացքում չի հարձակվի ԽՍՀՄ-ի վրա և պատերազմի մասին խոսակցությունները համարում էր սադրանք: Բայց Գերմանիան, Մեծ Բրիտանիան նվաճելու փոխարեն, 1941 թ-ի հունիսի 22-ի վաղ առավոտյան, առանց պատերազմ հայտարարելու, հարձակվեց Խորհրդային Միության վրա: ԽՍՀՄ-ի դեմ ռազմական գործողություններ սկսեցին նաև Ռումինիան ու Ֆինլանդիան, պատերազմ հայտարարեցին Իտալիան և Սլովակիան, իսկ հունիսի 27-ին՝ Հունգարիան: Իսպանիան թեև հայտարարել էր իր չեզոքության մասին, սակայն գեներալ Ֆրանկոն խորհրդա-գերմանական ճակատ ուղարկեց «Երկնագույն դիվիզիան»: Գերմանիայի դաշնակիցն էր նաև Բուլղարիան: Սկսվեց խորհրդային ժողովուրդների Հայրենական մեծ պատերազմը:

Գերմանիան իր դաշնակիցներով խորհրդային երկրի դեմ կենտրոնացրել էր 190 դիվիզիա, մեծաքանակ ժամանակակից ռազմական տեխնիկա՝ հրետանի, տանկեր, ինքնաթիռներ: 

Թողնել մեկնաբանություն