1933-1953 թթ. հայ գրողների, գրական գործիչների կյանքն ու ստեղծագործությունն անցավ ստալինյան քաղաքական բռնաճնշումների պայմաններում: Ամեն ինչ սկսվեց խիստ գրաքննությամբ, ինչի հետևանքով արգելվեցին գրքեր, նախնական հարցաքննությունների ենթարկվեցին առանձին գրողներ: Մամուլում և ժողովներում միմյանց դեմ ուղղվեցին քաղաքական մեղադրանքներ և սկսվեցին ձերբակալությունները: Այս տեսակետից առանձնահատուկ է 1937 թ. ապրիլի 17-21-ին գումարված հայ գրողների ընդհանուր ժողովը, ուր բոլորը խոսում էին բոլորի դեմ: Եվ, ասենք, Հրաչյա Քոչարի մեղադրանքներն այսպիսին էին. «Վաղարշակ Նորենցի նացիոնալիզմը հասել է այնտեղ, որ իր նորածին որդու անունը դրել է Սասուն` երազելով վերադառնալ այդ երկիր»,«Եղիշե Չարենցը քար է` ընկած մեր գրականության ճանապարհին, ինչքան շուտ դեն նետենք այդ քարը, այնքան մեր ճանապարհը ավելի բաց ու ազատ կլինի»,
Քաղաքական բռնությունը որպես երկիրը հնազանդության մեջ պահելու ղեկավարման ձև բոլշևիկները որդեգրեցին սկզբից ևեթ` անմիջապես հոկտեմբերյան հեղաշրջումից հետո: Դա սկսվեց քաղաքացիական կռիվներով, հետո ուղղվեց բոլշևիկների պիտակավորած «դասակարգային թշնամու» դեմ, որոնց մեջ էին քաղաքի և գյուղի ունևոր խավի ներկայացուցիչները, հոգևորականությունը, նախկին զինվորականությունը` հատկապես սպայական կազմը, նախկինում այլ կուսակցությունների անդամագրվածները, հին մտավորականությունը, անհնազանդները:
Հեղաշրջումով սկսված քաղաքական բռնությունների այս ալիքը շարունակվեց և նոր ձև ու բովանդակություն ստացավ Ստալինի իշխանության տարիներին (1924-1953): Ստալինյան բռնությունների գագաթնակետը 1937 թվականն է: Այս տարի լրանում է պետական գործունեության աստիճանի հասցված այդ ոճրագործության 80-րդ տարին: Ստալինյան բռնությունների ամբողջ համակազմը մարդկության դեմ գործված հանցանք է, որը պետք է գիտակցվի լրիվ ընդգրկումով, մանրամասների հարացույցով և դատապարտվի:
Հայ ժողովրդի մնացորդները նոր-նոր էին փրկվել թուրքական եղեռնից, երբ Հայաստանի խորհրդայնացումից անմիջապես հետո ընկան բոլշևիկյան քաղաքական հալածանքների շուրջկալի մեջ: Հարավից Թուրքիան էր, հյուսիսից` Ռուսաստանը, որ, ձեռք-ձեռքի տված, ուզում էին բնաջնջել հայ ժողովրդին: Չմոռանանք Քեմալ Աթաթուրք-Լենին քաղաքական և ռազմական դաշինքը, որ ամեն ինչ ուղղեց և՛ Հայաստանի Առաջին Հանրապետության, և՛ նորաստեղծ Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության դեմ:
Հայաստանը տոկաց` կորցնելով տարածքներ և զոհ տալով իր զավակներին: Եթե պետական քաղաքականության վերածված թուրքական 30-ամյա ցեղասպանության (1894-1924) խորհրդանշական տարեթիվը համարում ենք 1915 թ. ապրիլի 24-ը` Պոլսում և մյուս քաղաքներում հայ մտավորականության ձերբակալության օրը, ապա ստալինյան բռնությունների խորհրդանշական օրը 1936 թ. օգոստոսի 9-ն է: Այնտեղ թուրքական եղեռնն էր, այստեղ` խորհրդային:
Մենք հստակորեն պետք է գիտակցենք, որ 1936 թ. օգոստոսի 9-ը հայ ժողովրդի համար նույնն է, ինչ 1915 թ. ապրիլի 24-ը` որպես հայ գրողների, ընդհանրապես մտավորականության և պետական ու կուսակցական գործիչների ընդհանուր ձերբակալության օր: 1915-ին թուրքական հալածանքներն էին, որոնք ավարտվեցին հայ ժողովրդի ազգային ցեղասպանությամբ, 1936-ից սաստկացած խորհրդային բռնություններն էին, որոնք ընդգրկեցին ազգաբնակչության բոլոր շերտերը, բազմահազար բնակչության կյանք արժեցան` այս անգամ որպես գաղափարական ցեղասպանություն:
1920-1953 թթ. ՀԽՍՀ-ից ձերբակալվածների, գնդակահարվածների և աքսորվածների թիվը հասնում է 56.000-ի, 1949-ին ՀԽՍՀ-ից աքսորված հայերի թիվը 13000 է, ամբողջ ԽՍՀՄ-ից` 16000: Նյութերն ամփոփված են 19359 դատական գործերում, որ միասին կազմում է 40000 հատոր:
1946-1948 թթ. հայրենադարձված 89500 հայերից 1000-ին ներկայացվեց քաղաքական մեղադրանք, ինչին հետևեց նրանց աքսորը կա՛մ Ալթայի, կա՛մ Կրասնոյարսկի երկրամասեր:Թուրքական ցեղասպանության 1,5 միլիոնի դիմաց սրանք, իհարկե, փոքր թվեր են, բայց չմոռանանք, նախ թվաքանակով կրճատվել էր նաև հայ ժողովուրդը և ապա ամբողջ ԽՍՀՄ-ի բազմազգ բնակչության ընդգրկումով այդ թիվն անցնում է տասնյակ միլիոններից:
Թերթենք պատմության պահոցների էջերը: Ձերբակալությունների գագաթնակետը 1936 թվականն էր, գնդակահարություններինը` 1937-1938 թվականները: Ըստ վիճակագրության` 1937 թ. հունիս – 1938 թ. հուլիս ամիսներին` 13 ամսվա ընթացքում, յուրաքանչյուր 57 վայրկյանը մեկ գնդակահարվել է մեկ մարդ: Պատկերն այս է`
մեկ օրում 1516 գնդակահարություն,
մեկ ամսում` 46996,
մեկ տարում` 553340,
13 ամսում` 600236:
Մեկ այլ տվյալ հուշում է, որ աքսորվածների միայն 5 տոկոսն է կենդանի մնացել ու ետ վերադարձել:
Միայն գրական ոլորտից Հայաստանում ստալինյան քաղաքական բռնությունների է ենթարկվել շուրջ 70 մարդ, ցուցակը կազմել եմ: Այդ 70-ից մեկը Ակսել Բակունցն է, մյուսը` Եղիշե Չարենցը:
Բակունցը 1936 թվականի մայիս-հունիս-հուլիս ամիսներին Մոսկվայում Համո Բեկնազարյանի հետ նկարահանման էր նախապատրաստում «Զանգեզուր» շարժանկարի բեմարքը, երբ օգոստոսի սկզբին կանչեցին Երևան, հարցաքննեցին, մեղադրեցին, կուսակցությունից հեռացրին ու ձերբակալեցին: Բակունցին խմբակային գործունեության մեղադրանք ներկայացվեց (մեղադրական գործ 4131, ֆոնդ3036, 8 հատորով, 384 վավերագիր):
Այս խմբի մեջ էր հայտնի կուսակցական գործիչ, տարբեր տարիների` լուսավորության ժողկոմ, մարքսիզմ-լենինիզմի ինստիտուտի տնօրեն, համալսարանում տնտեսագիտության դասախոս, նախատեսվող «Հայկական հանրագիտարան»-ի գիտական խորհրդի անդամ Ներսիկ Ստեփանյանը: Խումբը նրա անունով էլ կոչվում էր` «Ստեփանյանի հանցավոր խումբ»:
Այստեղ էր նաև այդ տարիների ՀԳՄ առաջին քարտուղար, դարձյալ կուսակցական գործիչ Դրաստամատ Տեր-Սիմոնյանը:
Դատավարության ընթացքում հոլովվում են ժամանակի գրական-մշակութային շատ նշանավոր գործիչների անուններ: