
Տեսողական վերլուծիչ, աչքի կառուցվածքը։
Լրացուցիչ աշխատանք:
Այս նյութերը նայել, թարգմանել, պատրաստել ուսումնական նյութ՝ հայերեն։Պատրաստել նյութ տեսողության հիվանդությունների և տեսողական պատրանքների վերաբերյալ։
«Աչք» մարդու հինգ զգայարաններից մեկը… Մարդկանց աչքերն իրականում ավելի բարդ ու զարմանալի են, քան կարող է թվալ առաջին հայացքից: Բոլորը գիտեն, որ աչքերը հոգու հայելին են ու արտաքին աշխարհի մասին տեղեկատվության մոտավորապես 90%-ը ընկալվում է տեսողությամբ: Տեսողության շնորհիվ տարբերում ենք շրջապատի առարկաները, երևույթները, ընկալում սեփական մարմինը: Տեսողությունն առաջնակարգ դեր ունի արտաքին աշխարհի իմացության համար: Հազարավոր տարիների ընթացքում կուտակված փորձը սերունդներին է փոխանցված գրքերի, գրավոր խոսքի միջոցով: Տեսողության շնորհիվ մենք սովորում ենք գրել ու կարդալ: Բնության բազմազան գեղեցկությունները, քանդակագործությունը, ճարտարապետությունը, գեղանկարչությունը նույնպես ընկալվում են տեսողությամբ: Տեսողությունը հսկայական դեր ունի կյանքում ու աշխատանքային գործունեության ընթացքում, ուստի մենք պետք է կարևորենք ու գնահատենք բնության այդ անփոխարինելի պարգևը:
Աչքը գնդաձև օրգան է, որն ունի մոտ 2,5 սմ տրամագիծ: Իրականում աչքը ճշգրիտ գնդաձև չէ, այլ՝ քիչ օվալաձև:
Երբ հայելու մեջ զննում եք ձեր աչքը, դուք կարող եք տեսնել՝
- ծիածանաթաղանթ (իրիս), որն աչքի գունավորված մասն է
- եղջերաթաղանթ (կորնեա), որը ծիածանաթաղանթի վրա նստած թափանցիկ գմբեթաձև բարակ շերտ է
- բիբ, որը ծիածանաթաղանթի կենտրոնի սև անցքն է
- կարծրաթաղանթ (սկլերա), որն աչքի սպիտակ շրջանն է
- շաղկապենի (կոնյուկտիվա), որը եղջերաթաղանթից բացի աչքի առաջնային մակերեսը ծածկող հյուսվածքն է:
Դուք չեք կարող տեսնել աչքի հետևյալ մասերը՝
- ոսպնյակ (լինզա), որը տեղակայված է բբի ետևում
- ցանցաթաղանթ (ռետինա), որը գտնվում է աչքի ետին պատին՝ ներսից
- տեսողական նյարդ, որը գտնվում է աչքի ետևում:
Ինչպե՞ս է աչքը գործում
Աչքը լույսը փոխակերպում է էլեկտրական ազդանշանների, որոնք ձեր ուղեղը վերափոխում է տեսողության զգացողության:
Լույսը ձեր աչք թափանցում է՝ հաջորդաբար անցնելով եղջերաթաղանթով, բբով և ոսպնակով:
Եղջերաթաղանթը և ոսպնյակը բեկում են լույսը՝ ուղղելով այն դեպի ցանցաթաղանթ:
Ցանցաթաղանթը նյարդային հյուսվածքի նուրբ շերտ է, որը պարունակում է՝
- ցուպիկներ, որոնք նույնականացնում են առարկաների ձևերը և շարժումները
- սրվակներ, որոնք հայտնաբերում են առարկաների մանրամասները և գույները:
Ցուպիկները և սրվակները կլանում են լույսը և փոխակերպում նյարդային ազդանշանների՝ դրանք տեսողական նյարդով ուղարկելով դեպի գլխուղեղ:
Ձեր գլխուղեղն ընկալում է նյարդային ազդանշանները որպես տեսողական պատկերներ:
Տեսողության կորստի պատճառները
Տեսողության թուլացումը կամ կուրությունը կարող են զարգանալ հետևյալ պատճառներից՝
- հիվանդություններ և վարակներ
- դժբախտ պատահարներ
- ճառագայթների կամ քիմիական նյութերի ազդեցություն
- դիաբետ (շաքարախտ):
Որոշ մարդիկ կարող են տեսողության խանգարում ունենալ ի ծնե կամ ծվելուց կարճ ժամանակ անց:
Աչքի որոշ հիվանդություններ և վիճակներ կարող են բերել տեսողության խանգարման: Եթե անհանգստացած եք ձեր տեսողության հետ կապված խնդիրներից, առանց հետաձգելու այցելեք ձեր բժշկին կամ ակնաբույժին:
Աղոտ տեսողությամբ բազմաթիվ մարդկանց կարող են օգնել ճիշտ ընտրված ակնոցները կամ կոնտակտային լինզաները:
Իմացեք ավելին աչքի հիվանդությունների մասին: