Մարդու բջիջները կազմված են բջջաթաղանթից, ցիտոպլազմայից և կորիզից։ Բջիջները միավորվելով՝ ստեղծում են հյուսվածքներ:

Մարդու օրգանիզմում կան 4 տեսակի հյուսվածքներ` էպիթելային, շարակցական, մկանային և նյարդային:

Տարբերում են հարթ, գեղձային և թարթչավոր էպիթելային հյուսվածքի տարատեսակներ։ Էպիթելային հյուսվածքը պատում է մարդու մարմնի արտաքին մակերևույթը, մարմնի բոլոր խոռոչները, սնամեջ օրգանների և անոթների ներքին պատերը, մտնում գեղձերի բաղադրամասերի մեջ։ Հարթ էպիթելը կազմված է միմյանց կիպ հարող բջիջներից, որոնք պատում են մաշկի մակերևույթը, բերանի խոռոչը, կերակրափողը, թոքաբշտիկները։ Մաշկային էպիթելը բազմաշերտ է, և նրա ածանցյալներն են եղունգներն ու մազերը Գեղձային էպիթելը մտնում է գեղձերի կազմի մեջ և կատարում հյութազատական գործառույթ։ Աղիքային էպիթելը մարսողական ուղու պատը ծածկող լորձաթաղանթն է։ Այն մասնակցում է նաև գեղձերի (ենթաստամոքսային գեղձ, լյարդ, թքագեղձ) առաջացմանը։ Թարթչավոր էպիթելը պատում է շնչուղիների խոռոչը։ Էպիթելային բջիջները բազմանում են արագ և փոխարինում մահացած բջիջներին։

Շարակցական հյուսվածքը կազմում է կմախքը, ենթամաշկային ճարպային շերտը, արյունը, ավիշը։ Այն մտնում է բոլոր ներքին օրգանների կազմության մեջ, օժտված է արագ վերականգնվելու հատկությամբ։
Տարբերում են բուն շարակցական, աճառային և ոսկրային հյուսվածքներ։ Բուն շարակցական հյուսվածքի տարատեսակներն են փուխր թելավոր, ամուր թելավոր, ցանցանման, ճարպային և այլն։ Թելավոր շարակցական հյուսվածքը հանդիպում է համարյա բոլոր օրգաններում։ Նրանցից են կազմված բուն մաշկը, ջլերը, կապանները, թաղանթները։ Փուխր շարակցական հյուսվածքը գտնվում է ներքին օրգանների միջև (օրինակ՝ ենթամաշկային ճարպային շերտը), իսկ ցանցանմանը կազմում է կարմիր ոսկրածուծը, փայծաղը և ավշային հանգույցները։
Հեղուկ շարակցական հյուսվածք են արյունը և ավիշը, որոնք կազմված են միջբջջային հեղուկ նյութից և նրա մեջ լողացող ձևավոր տարրերից։
Աճառային հյուսվածքը կազմված է աճառային, կլոր, ձվաձև բջիջներից և միջբջջային նյութից.գտնվում է ողերը միացնող միջնաշերտում, պատում է հոդային մակերեսները և կատարում է հենարանային դեր։
Ոսկրային հյուսվածքը կազմված է միջբջջային նյութից՝ ոսկրային թիթեղներից, որոնց արանքում տեղավորված են ոսկրային բջիջներ։ Միջբջջային նյութը հարուստ է անօրգանական նյութերով, մասնավորապես կալցիումի աղերով։ Շարակցական հյուսվածքը տարածված է ամբողջ օրգանիզմում՝ իրականացնելով հենարանային, սնուցողական, պաշտպանական, փոխադրող և այլ գործառույթներ։
Մկանային բջիջների ցիտոպլազմայում կան մանրադիտակային թելիկներ, որոնք կծկվում են և ապահովում մկանի կծկողական գործառույթը։ Մկանային հյուսվածքը լինում է միջաձիգ զոլավոր և հարթ: Հարթ մկանային հյուսվածքը գտնվում է ներքին օրգաններում, արյան և ավշային անոթների պատերում և մաշկում։ Այն կազմված է մանր՝ 0,1 մմ երկարությամբ իլիկաձև միակորիզ բջիջներից, որոնց բջջապլազմայում կան կծկվող թելեր և կծկվում են ոչ կամային։ Նրանց կծկողական ուժը և արագությունը փոքր է, քան կմախքային մկաններինը։ Միջաձիգ զոլավոր մկանային հյուսվածքը կազմված է կամային կծկվող 10−12 սմ երկարությամբ բազմակորիզ մկանաբջիջներից, որոնց լայնական դասավորված մուգ ու բաց շերտերը հաջորդում են միմյանց։ Միջաձիգ զոլավոր են կմախքի, դեմքի, լեզվի, կոկորդի, կերակրափողի վերին մասի և ստոծանու մկանները։ Նրանց կծկումները կամային են։ Սրտամկանն ունի հատուկ կառուցվածք.նրա միջաձիգ զոլավոր մկանաթելերը տեղ-տեղ իրար են միանում կամրջակներով և կծկվում են հարթ մկանաթելերի նման:

Նյարդային հյուսվածքը կազմված է նյարդային բջիջներից՝ նեյրոններից, ուղեկից բջիջներից և միջբջջային նյութից։Նեյրոններն ունեն մարմին և ելուստներ։ Մարմինը կազմված է ցիտոպլազմայից և կորիզից։ Ելուստները լինում են կարճ և ճյուղավորված։
Դրանք կոչվում են դենդրիտներ, որոնք ընկալում են նյարդային գրգիռը և փոխանցում նեյրոնի մարմնին։ Նեյրոններն ունեն նաև երկար (մինչև 1 մ երկարությամբ) ելուստներ, որոնք պատված են միելինային թաղանթով։
Երկար ելուստները կոչվում են աքսոններ, որոնց միջոցով գրգիռը հաղորդվում է նեյրոնի մարմնից դեպի ելուստի ծայրը և այնտեղից՝ մեկ այլ նյարդային բջջին կամ աշխատող օրգանին։
Նյարդային հյուսվածքում, բացի նեյրոնից, կան նաև ուղեկից բջիջներ, որոնք նեյրոնից փոքր են 3−4 անգամ, կազմում են կենտրոնական նյարդային համակարգի 40 %-ը։
Տարիքի մեծացմանը զուգընթաց ուղեկից բջիջների թիվը ավելանում է, իսկ նեյրոնները ընդհակառակը՝ պակասում են։ Դա պայմանավորված է նրանով, որ կյանքի ընթացքում նեյրոնների մի մասը մահանում է, իսկ նոր նեյրոններ չեն առաջանում (նյարդային բջիջները չեն բաժանվում)։ Ուղեկից բջիջները կատարում են հենարանային, պաշտպանական և սնուցողական գործառույթներ։
