Rosa canina տեսակի ծաղիկները կանոնավոր են, ունեն հինգ վարդագույն ազատ պսակաթերթեր եւ հնգաթերթ ծաղկեպսակ, առէջքները բազմաթիվ են։ Հին ժամանակներից մարդիկ նկատել են, որ երբեմն վարդի ծաղիկներն ունենում են ավելի քան հինգ ծաղկաթերթիկներ։ Այս երեւույթը նկարագրել է Թեոֆրաստը` ծաղիկի մի քանի կամ բազմաթիվ առէջքներ փոխակերպվում են ծաղկաթերթերի։ Տեղի է ունենում բույսի գեղեցիկ մուտացիա-հոմեոզիս։ Հետաքրքիր է իմանալ, որ նման ծաղիկները հայերն անվանել են վարդենիս` «անորոշ տեսակի ծաղկաբույս»։ Canina տեսակին արտաքուստ նման են արդյունաբերական նշանակություն ունեցող Rosa alba եւ Rosa damascena վարդերը, որոնք ունեն մոտ 30 ծաղկաթերթ եւ շատ քիչ առէջքներ, 1 կգ յուղ ստանալու համար հարկավոր է չորս տոննա վարդի ծաղիկ։
Վարդը շատ ազգերի մոտ Սիրո, Գեղեցկության, պատերազմի, քաղաքականության խորհրդանիշ է։ Վարդերի պատերազմում հաղթանակելուց հետո (15-րդ դար) Արքա Հենրիխ 7-րդ Տյուդորի պատվին ստեղծվեց «Անգլիայի Վարդ» տեսակը։ Վարդի մասին գրել է Կոնֆուցիոսը (մ.թ.ա. 551-479թթ.)` նշելով, որ չին կայսերական գրադարանում կան բազմաթիվ հիշատակումներ վարդերի մասին, հայտնի է Rosa chinensis var. minima» տեսակը։ Հին եգիպտական դամբարաններում հայտնաբերվել են վարդից ծաղկեպսակներ։ Պահպանվել են մ.թ.ա. 2860թ. արված շումերական սեպագիր կավե «տախտակներ»։ Հեթանոսական Հայաստանում «վարդ» բառը ունեցել է «ջուր» իմաստը։ Վարդի հայրենիքը համարվում է Կասպից ծովին հարող Հյուսիսային Պարսկաստանի տարածքը, պահլավերեն բույսը անվանվել է «varta»։
Գրիգոր Լուսավորիչը Բագրեւանում եւ Աշտիշատում հաստատել է Հովհաննես Մկրտչի (Սուրբ Կարապետ) հիշատակի օր, նման տոն` «Իվան Կուպալա», ունեն ռուսները, որը նշվում է հունիսի 24-ին։ Հետաքրքիր է, որ հենց այդ օրը Գերմանիայի Հռենոս գետին ափամերձ ապրող կանայք զարդարվում են ծաղկեպսակներով եւ մտնում գետը։ Այս տոնին կամ Վարդավառին ընդառաջ աղջիկները դեմքին են քսել ձվի սպիտակուցը, լվացել աղբյուրի ջրով, իսկ դեղնուցը թաղել վարդենիսի թփի տակ։ Դա համարվել է, որ բույսի գեղեցկությունը կփոխանցվի աղջկան։ Եթե նույնը անեին տղա երեխային, ապա նա կդառնար Վարդ-ան` փառքը ավելացած (Աճառյան) ծնունդ։
Վարդի բուրմունքը առկա է կանացի օծանելիքի ավելի քան 90 եւ տղամարդկանց համար նախատեսված բուրումնավետ միջոցների մոտ 50 տոկոսում, լայնորեն ներկայացված է գեղանկարչության մեջ, հատկապես Կլոդ Մոնեի, Պոլ Սեզանի, Օգյուստ Ռենուարի նկարներում։
Վարդն օգտագործվում է մուրաբայի, օշարակի, հացաբուլկեղենի, զեֆիրի արտադրությունում։ Վարդի ծաղկաթերթերն ունեն քաղցր, կապող, զովացնող համ, պարունակում են մոտ 300 տարբեր տեսակի նյութեր, որոնցից ուսումնասիրված են 100-ը` հատկապես եթերային յուղեր, տանին, B խմբի, C, E, K վիտամիններ։
Հայաստանում կարմիր վարդի թերթիկներն օգտագործել են` լյարդի, իսկ սպիտակինը` սրտի հիվանդությունների դեպքում, Ֆրանսիայում` որպես «C» վիտամինային եւ որդաթափ միջոց։ Հիպերտոնիայի եւ աթերոսկլերոզի դեպքում խորհուրդ է տրվում սպիտակ, ստամոքսաբորբի, ստամոքսի եւ 12-մատնյա աղիի խոցի դեպքում` կարմիր, սպիտակ կամ վարդագույն վարդը, դիզենտերիային օգնում են կարմիր թերթիկների թուրմերը։ Կարմիր վարդի թուրմով լվանում են աչքերը կոնյուկտիվիդի դեպքում։
Ա. Ամասիացին վարդի վերաբերյալ գրում է. «Լավագույնը կարմիր հոտավետ վարդն է։ Օժտված է չորացնող ու ամրացնող հատկությամբ։ Վարդի հոտն օգնում է գլխացավի դեպքում։ Հյութն օգնում է ատամի եւ ականջի ցավի, ինչպես նաեւ` բերանի խոցերի դեպքում։
Վարդի հոտն ամրացնում է սիրտը, օգտակար է ստամոքսի, լյարդի ու որովայնի խոռոչի օրգանների համար։ Բույսի արմատը կօգնի արյունաթքության դեպքում։ Ծաղիկների հյութը դադարեցնում է լուծը, տարրալուծում դեղին մաղձը, բուժում աղիների խոցերը։ Վարդայուղն օգտակար է միզապարկի համար, օգնում է նաեւ էկզեմայի դեպքում»։
- Վարդի թուրմով թրջոցներն օգնում են այտուցների եւ գրգռված մաշկի դեպքում։
- Վարդի ծաղկաթերթերը ճակատին եւ քիմքին դնելիս հանգստացնում են գլխացավը։
- Վարդի ծաղկաթերթերից պատրաստված թուրմը (2ճ/գ, 200 մլ եռջուր) օգտագործեք բերանի ողողումների համար` ստոմատիտի դեպքում։2 բաժակ վարդաթերթերին ավելացրեք 1 լ ջուր եւ 200 գրամ շաքարավազ, 2 ժամից թափահարեք հեղուկը, քամեք։ Պահեք մութ, հով տեղում։ Վարդի ջուրն ունի խոնավացնող հատկություն, նաեւ պաշտպանում է արեւի ազդեցությունից։
- Վարդի եթերային յուղը կանխարգելում է երակների վարիկոզ լայնացումը, օգնում է դեպրեսիայի, վախի զգացումի, ջղայնության, խանդի դեպքում։ Վարդի յուղի բուրմ
