Տափակ որդերի կառուցվածքը կդիտարկենք սպիտակ պլանարիայի օրինակով, որը ազատ ապրող օրգանիզմ է: Պլանարիան 1−2 սմ երկարությամբ տերևաձև որդ է, բնակվում է մեծամասամբ լճակներում, գետերի հատակին: Հիմնականում վարում է թաքնված կենսակերպ: Սպիտակ պլանարիա կարելի է գտնել նաև քարերի մեջ, ջրի մեջ գտնվող տերևների, կոճղերի ստորին մակերեսներին: Պլանարիայի մարմինը ամբողջությամբ պատված է թարթիչներով, որը դյուրացնում է տեղաշարժումը: Մարմնի հետևի ծայրը սուր է, իսկ առջևի հատվածը լայնացած է և կողքերին կրում է մեկական փոքրիկ շոշափուկանման ելուստ: Սպիտակ պլանարիայի մարմնի առջևի մասում գտնվում են նրա զգայական օրգանները, որոնցից են պլանարիայի երկու սև աչքերը:


Տափակ որդերի մոտ, ինչպես գիտեք, ի տարբերություն աղեխորշավորների, բացի էնտոդերմից և էկտոդերմից, կա մարմնի երրորդ շերտ՝ մեզոդերմ: Նրանց մարմինը ունի տափակ թիթեղիկի կամ ժապավենի տեսք, հստակ արտահայտված են մարմնի առջևի և հետևի մասերը: Տափակ որդերը աչքի են ընկնում նաև նրանով, որ ունեն կենդանական չորս հիմնական հյուսվածքները՝ էպիթելային, շարակցական, նյարդային, մկանային:Սպիտակ պլանարիան ունի նյարդային, մարսողական, արտազատական և սեռական օրգան — համակարգեր, որոնք թերևս ունեն բավականին պարզ կառուցվածք:

Պլանարիան բազմանում է և՛ անսեռ, և՛ սեռական եղանակներով: Ունի միաժամանակ ինչպես արական, այնպես էլ իգական սեռական օրգաններ, այսինքն հերմաֆրոդիտ օրգանիզմ է: Մարմնի կառուցվածքը Տափակ որդերի մարմինը իրենից ներկայացնում է մաշկամկանային պարկ՝ առանց ներքին խոռոչի: Այն ծածկված է էպիթելով, որի տակ գտնվում է մկանային շերտը: Օրգանների միջև տարածությունը լցված է մանր շարակցական բջիջներով՝ պարենքիմայով: Նրանք կատարում են հենարանային և սնուցող ֆունկցիա և կուտակում են կենդանական ածխաջուր՝ գլիկոգեն:

Նյարդային համակարգ Տափակ որդերի մոտ դիտարկվում է նյարդային համակարգի կատարելագործում:
Կենտրոնացված նյարդային համակարգը իրենից ներկայացնում է նյարդերի կուտակումներ, որոնք առաջացնում են կառավարող նյարդային հանգույցներ և նրանցից դուրս եկող նյարդաթելեր: Տափակ որդերի նյարդային համակարգը ունի՝ 1. Զույգ նյարդային հանգույց, որոնք տեղակայված են մարմնի առջևի մասում: Այդ զույգ հանգույցները կառավարում են պլանարիայի կենսագործունեությունը:2. Նյարդային հանգույցներից դուրս եկող նյարդային բներ, որոնք ձգվում են մարմնի ամբողջ երկայնքով և միանում են միմյանց լայնակի նյարդային լարերով: Դրանք ապահովում են օրգանիզմի ամբողջական միասնությունը: Զգայարանները ներկայացված են մաշկային թարթիչներով՝ նյարդային բջիջների ելուստներով: Բացի այդ, ազատ կենսակերպ ունեցող որդերը, բարձր շարժունակությամբ պայմանավորված, ձեռք են բերել նաև զգայարաններ՝ լուսազգայուն աչքեր և հավասարակշռության օրգան:

Մարսողական համակարգ. Տափակ որդերին բնորոշ է մարսողության ինքնուրույն օրգան — համակարգ:Տափակ որդերի մարսողական համակարգը սկսվում է բերանային անցքից, որն անցնում է մկանային կլանի, իսկ այն՝ աղիքի մեջ: Բերանը կատարում է սնունդը բռնելու դեր, իսկ կլանը փոխադրական ուղի է, որով կատարվում է սննդի ընդունումը: Աղիքը ծածկված է գեղձային էպիթելով և ունի ճյուղավորումներ, որտեղ և կատարվում է մարսողությունը: Այն փակ է, այսինքն՝ չի բացվում դեպի արտաքին միջավայր հետանցքով: Չմարսված սնունդը դուրս է բերվում օրգանիզմից բերանի միջոցով: Որոշ մակաբույծ տեսակների մոտ մարսողական համակարգը բացակայում է:

Արտաթորական համակարգ Թարթիչավոր որդերն առանձնահատուկ են նրանով, որ առաջին անգամ դրսևորում են կազմավորված արտաթորության օրգան — համակարգ, ինչը զարգացած բազմաբջջային կազմավորվածության արդյունք է: Արտաթորական համակարգը ներկայացված է նախաերիկամներով, որոնք իրենցից ներկայացնում են 2 ճյուղավորված խողովակ, որոնք ձգվում են մարմնի երկայնքով և հաղորդակցվում են արտաքին միջավայրի հետ արտազատող անցքերի միջոցով: Դրանցով օրգանիզմից հեռացվում են նյութափոխանակության հեղուկ արգասիքները և ջրի ավելցուկը:

Սեռական համակարգ Այն կազմված է իգական և արական սեռական օրգաններից՝ ձվարաններից և սերմնարաններից համապատասխանաբար: Պլանարիայի մարմնի առջևում գտնվում են երկու ձվարաններ, իսկ սերմնարանները բազմաթիվ են, մանր և արտազատական խողովակներին զուգահեռ ձգվում են մարմնի երկու կողմերով:Սպիտակ պլանարիայի բեղմնավորումը խաչաձև է:Պլանարիան դնում է բարդ կառուցվածք ունեցող ձվեր, որոնք բացի ձվաբջջից, պարունակում են նաև պաշարային սննդանյութեր: Ձվերը գտնվում են խմբավորված բոժոժների մեջ: Զարգացումն ավարտելուց հետո բոժոժից դուրս են գալիս փոքրիկ պլանարիաներ:

Պլանարիայի մոտ բացակայում է փոխադրող՝ արյունատար համակարգը: Սննդանյութերը դիֆուզիայի միջոցով ցրվում են մարմնով մեկ: Շնչառական համակարգը նույնպես բացակայում է, տափակ որդերը շնչում են մարմնի ամբողջ մակերեսով, թթվածինը տարածվում է մարմնով նույնպես դիֆուզիայի օրենքով: