Հայաստանում մայիսի 9-ին նշվում է Հաղթանակի եւ խաղաղության օրը: Տոնի կապակցությամբ կայացան մի շարք միջոցառումներ երկրի ղեկավարության եւ հոգեւոր առաջնորդների, ընդդիմության ներկայացուցիչների, Մեծ հայրենականի ու Ղարաբաղյան պատերազմի վետերանների մասնակցությամբ:Տոնի առթիվ շնորհավորական ուղերձներ են հղել Հայաստանի նախագահը, Ազգային ժողովի նախագահը, վարչապետը եւ Ամենայն Հայոց կաթողիկոսը:
«Ազգերի հիշողության մեջ հաղթանակները թողնում են անջնջելի հետք, եւ այս օրը մեր տոնացույցի փառավոր էջերից մեկն է: Մեր զավակներին ու թոռներին այսօր պատմում ենք հայ տաղանդավոր զորահրամանատարների եւ քաջարի զինվորների հերոսության ու անձնազոհության մասին, հիշում ենք, որ ֆաշիզմի ու մարդատյացության դեմ Մեծ հայրենականում մեր հայրերի ու պապերի արյան գնով նվաճված հաղթանակը հնարավորություն էր աշխարհի բոլոր ժողովուրդների համար կառուցելու խաղաղ ու ավելի լավ ապագա», — ասված է, մասնավորապես, նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձում: — «Տասնյոթ տարի առաջ Հաղթանակի տոնը մեզ համար հարստացավ նոր խորհրդով: 1992-ի մայիսյան այս օրերին, Շուշիի ազատագրմամբ, մեզ պարտադրված պատերազմում ապացուցեցինք, որ պատրաստ ենք ցանկացած պահի նաեւ զենքով պաշտպանելու մեր արժեքները, մեր ժողովրդի ազատության, անկախության եւ խաղաղ կյանքի իրավունքը»:
«Այս տոնը խաղաղ ապրելու եւ արարելու, ինքնության եւ հարատեւության համար պայքարող հայ ժողովրդի հաղթանակների խորհրդանիշն է: Հայոց ցեղասպանության վերքը դեռ չսպիացած` Հայրենական մեծ պատերազմի ընթացքում հայ ժողովուրդը գիտակցաբար մասնակցեց չարիքի դեմ պայքարին: Հայ զինվորներն անցան Երկրորդ աշխարհամարտի թոհուբոհով եւ իրենց ներդրումն ունեցան նացիզմի ջախջախման գործում` ստանալով թիկունքում մնացածների անձնուրաց աջակցությունը: Մերօրյա պատմության մեջ այդ հաղթանակների պսակը Շուշիի առումն ու Արցախի ազատագրումն էր», — իր ուղերձում գրել է Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը: