Posted in Uncategorized

Հայոց պատմություն։ ՊԱՐԱՊՈՒՆՔ 2

պարսկական պատերազմների ընթացքում Հունաստանում տեղի ունեցավ ժողովրդավարության հետագա խորացում: Կատարվեցին բարենորոգումներ, որոնք իրենց տրամաբանական ավարտին հանգեցին ականավոր պետական գործիչ Պերիկլեսի օրոք: Տասնհինգ տարի անընդմեջ նա ընտրվեց առաջին ստրատեգոս: Պերիկլեսը կարգավորեց Աթենքի հասարակական կյանքի բոլոր կողմերը՝ կարևորելով նախ և առաջ քաղաքացիության հարցը: Քաղաքացի ճանաչվեցին շուրջ 50 000 չափահաս տղամարդիկ, որոնց ծնողները աթենացիներ էին: Կանայք ու երեխաները, ինչպես նաև բազմաքանակ օտարերկրացիները, որոնք բնակվում էին Ատտիկայում, քաղաքացի չէին համարվում: Աթենացիների հետ նրանք կազմում էին երկրի ազատ բնակչությու նը՝ մոտ 350 000 մարդ: Նրանց հակադրված էին անազատները՝ մեծ մասամբ օտար ծագումով ստրուկներ: Նրանք պատկանում էին իրենց տերերին, իրավազուրկ էին և կազմում էին Ատտիկայի բնակչության մոտ 20 տոկոսը: Պերիկլեսն օրենքով սահմանեց քաղաքացիների իրավահավասարությունը: Անկախ իրենց ունեցվածքային, մտավոր ու կրթական մակարդակից՝ Աթենքի քաղաքացիներն օրենքի առաջ հավասար էին: Պետական պաշտոն վարելու համար սահմանվեց աշխատավարձ: Ամենաաղքատ քաղաքացիներն անգամ հնարավորություն ստացան մասնակցելու պետական գործերին: Մեծացավ Աշխարհաժողովի դերը: Այն ընդունում էր պետական բոլոր օրենքները և հետևում դրանց կատարմանը: Աշխարհաժողովը պարբերաբար քննարկում էր բոլոր պաշտոնյաների հաշվետվությունը, որոշում արտաքին քաղաքականության կարևորագույն խնդիրները: Իսկ ընթացիկ խնդիրները լուծում էր Պետական խորհուրդը, որը ենթակա էր Աշխարհաժողովին: Պերիկլեսյան Աթենքը դարձավ արվեստների և գիտության կենտրոն: Այստեղ ապրում ու ստեղծագործում էին շատ նշանավոր պատմագիրներ, իմաստասերներ, թատերագիրներ, ճարտարապետներ, նկարիչներ, քանդակագործներ: Քաղաքում կառուցվեցին բազմաթիվ տաճարներ, պետական ու բնակելի շինություններ: Աթենքը վերածվեց Հունաստանի մշակութային կենտրոնի: Պոլիսային կարգի անկումը  Ք.ա. 431–404 թթ. Հունաստանում ընթացավ այսպես կոչված Պելոպոնեսյան պատերազմը: Հույները կռվում էին միմյանց դեմ՝ հողի, հարստության և ազդեցության համար: Հիմնական ախոյանները Աթենքը և Սպարտան էին: Իրանի նյութական օժանդակությամբ Սպարտան կորզեց հաղթանակը:  Պատերազմը քայքայեց երկրի տնտեսությունը, սրեց նեքին հակասությունները: Դրան հետևեցին սովն ու համաճարակը: Այս ծանր պայմաններում հունական զարգացած պոլիսներում միաձույլ դեմոսը սկսեց վերասերվել ամբոխի: Նրան օտար դարձան բարձր գաղափարները: Ի հայտ եկավ քաղաքական գործիչների մի նոր սերունդ, որն առաջնորդվում էր ոչ թե հասարակության, այլ սեփական շահերով: Նրանց կոչում էին ամբոխավարներ: Ընտրակաշառքով և գեղեցիկ խոստումներով նրանք ժողովրդին դարձնում էին կույր գործիք: Ընդունված է համարել, որ այս իրադարձություններով ավարտվեց Հին Հունաստա-նի դասական դարաշրջանի պատմությունը:

Թողնել մեկնաբանություն